Փակ շուկան արդեն բաց է
Փակ շուկայի ավտոմատացված դռներն արդեն բաց են ։
Շուկայի առաջին մասում կառուցապատողները փորձել են պահպանել հին կոլորիտը՝ տեղադրելով մրգի ու բանջարեղենի տաղավարներ։
«Ա1+»-ի հետ զրույցում վաճառողներից Մարինե Առաքելյանը նշեց, որ իրենք շատ ուրախ են, որ շուկան բացվել է նոր տեսքով։ Մեր այն դիտարկմանը, որ միայն մի փոքր հատվածն է շուկա, վաճառողները հույս հայտնեցին, որ գուցե հետագայում վերականգնվի ամբողջը։ Ըստ Մարինե Առաքելյանի՝ գների փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ տեղի համար իրենք դեռ չեն վճարում, պայմանագիր չեն կնքել շուկայի տնօրինության հետ, փաստաթղթերը դեռ նոր են հանձնել։
Հաճախորդներից մեկը, սակայն, նկատեց, որ շուկայում գները բարձրացել են։
Առաջին հարկի երկրորդ հատվածում սուպերմարկետն է, որն ինտերիերով ամբողջովին կրկնում է «Երեւան սիթին», սակայն ներսում ընդունված չէ այդպես կոչել։ Անվտանգության աշխատակիցներից Գարիկ Մանուկյանն ասաց, որ սուպերմարկետի հատվածը այսօր կբացվի, դեռ աշխատանքներ են տարվում։
Մի կոստյումով երիտասարդ էլ, որ ներկայացավ որպես բանվոր, շեշտեց, որ սա «Սիթի» չէ, այդպես անվանելը սխալ է, այլ՝ «Փակ շուկա», և տոպրակների վրա էլ գրված է լինելու «Փակ շուկա»։
Կառուցապատող Սամվել Ալեքսանյանն այս պահին շուկայում է։