Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրծքագեղձի քաղցկեղը մահվան դատավճիռ չէ

Հասարակություն
376230ab8599bf96ceee7d6f14d6ac59


Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը հոկտեմբերը Հայաստանում հայտարարել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։
Նա հերթական անգամ ընդգծեց, որ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը բավական երիտասարդացել է, եւ որ դրա դեմ պայքարի լավագույն եղանակը այն ժամանակին ախտորոշելն ու կանխելն է:


«Կրծքագեղձի նորագոյացությունները չարորակի վերածվելը կարելի է կանխել, իսկ դրա համար ոսպի հատիկի մեծությամբ գոյացությունը պետք է ճիշտ ժամանակին հայտնաբերվի և բուժվի»,- ասում է Խաչանուշ Հակոբյանը:


«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար Անի Հակոբյանի խոսքերով՝ քաղցկեղ հայտնաբերվել է նաև երիտասարդ աղջիկների մոտ՝ քսանչորս տարեկանում: Ըստ մասնագետի՝ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառներից է մինչեւ 30 տարեկանը չհղիանալը, չափից դուրս նյարդայնանալը, ծխելն ու ալկոհոլի օգտագործումը: «Կանայք պետք է չվախենան եւ անպատճառ հետազոտություն անցնեն, քանի որ քաղցկեղը դեռ մահվան վճիռ չէ»,-ասաց նա:


«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ում ամեն տարի հետազոտվում է շուրջ հազար կին: Կենտրոնի գործունեության 15 տարիների ընթացքում կատարվել է երեսուն հազար կրծքագեղձի հետազոտություն, որից կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է յոթ հազար այցելուի մոտ:
Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ հասարակության բոլոր շերտերն էլ հիվանդության համար խոցելի են, քանի որ քաղցկեղը չի նայում, թե ով ես դու: Ըստ նրա՝ կանայք ստուգման չեն գնում նախ, որովհետև վախենում են արդյունքից, երկրորդ պատճառը գումարն է։ Սակայն Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուր կին իր առողջությանը ամեն տարի կարող է տասնհինգ հազար դրամ տրամադրել:


Խոսելով հիվանդության առաջացման պատճառների մասին՝ Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ ամենաառաջին գործոնը ժառանգականությունն է, երկրորդ տեղում՝սթրեսներն են:

Ռադիոլոգ Անի Հակոբյանը տեղեկացրեց, որ քառասունն անց կանայք պետք է տարին մեկ անգամ անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ եթե ընտանիքում, հատկապես մորական կողմի՝ մորաքրոջ կամ տատիկի մոտ խնդիրներ են արձանագրվել, ապա երեսունհինգից սկսած: