Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անբարեխիղճ վարքագծի համար չտուգանեցին

Հասարակություն
e1e3052ca7cc247cb3d8c6f5e21bee15

«Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո» և նման անվանումներով մի շարք մթերքներ այնքան էլ օրգանական չեն. պարզել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները։

Հանձնաժողովն այսօրվա նիստում տեղեկացրեց, որ դիտանցումների արդյունքում բացահայտվել է՝ անբարեխիղճ վարքագիծ են դրսևորել «Թալին Ֆուդ», «Կալաչ», «Կոնսեր», «Արմավիրի պահածոների գործարան», «Նյու Վեյվ», «Ռաֆայել Քոնթինի Թրեյդինք Քամփնի», «ԱՁ Գ. Հյուսյան» և «Ամառտի» ընկերությունները։ Այս ընկերությունները չունեն համապատասխան սերտիֆիկատներ: Իսկ տնտեսվարողներն այսօր արդարացան, որ տեղյակ չեն եղել օրենսդրության պահանջներին:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ընդգծելով, որ նման բացահայտումներ առաջին անգամ են իրականացվում, ընդունեց, որ ընկերությունները խախտումը թույլ են տվել ոչ թե չարամտորեն, այլ թյուրիմացաբար: Այս անգամ հանձնաժողովը մեղմ վարվեց օրինախախտների նկատմամբ. «Մասնավորապես ֆինանսական տուգանքներ չենք կիրառի: Հանձնաժողովը որոշեց բավարարվել միայն նախազգուշացում տալով` պայմանով, որ արագ վերացնեն խախտումները»:

Հանձնաժողովի այսօրվա նիստում պետք է քննարկվեր նաև մանկապարտեզներին, ծերանոցներին և մանկատներին սնունդ մատակարարող 3 ընկերություններին պատասխանատվության ենթարկելու հարցը: Հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը նոր դիմում-բողոք է ստացել նույն ոլորտի վերաբերյալ, հարցի քննարկումը հետաձգեց: