Զ. Փոստանջյան. «Այս ամենն անպատժելիության մթնոլորտի արդյունք է»
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նշանակված էր դատական քննություն ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի հիման վրա:
Բողոքը Երևանի փակ շուկան ոչնչացնող անձանց նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորված անգործության վերաբերյալ է:
Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ԱԺ պատգամավոր, Փակ շուկան կառուցապատող Սամվել Ալեքսանյանն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը պետք է ենթարկվեն պատասխանատվության, «քանի որ նրանք ոչնչացնում են պատմամշակութային հուշարձան, եւ այդ ամենը անպատժելիության մթնոլորտի արդյունք է»։
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ Զ. Փոստանջյանի ներկայացուցիչ Հերմինե Միքայելյանը ժամանակ խնդրեց գործի նյութերին ծանոթանալու, ինչպես նաեւ բողոքը լրացնելու հետ կապված՝ նոր ապացույցներ ներկայացնելու համար։
Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 14-ին։
Իսկ «Ժառանգությունն» այս կապակցությամբ տարածած իր հայտարարության մեջ ասում է. «Փակ շուկայի կառուցապատողին, ով մեկ տարվա ընթացքում ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության՝ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով շինության կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցը չքանդելու ու պետության պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանը վնասելու համար քրեական պատասխանատվության չենթարկելը հանգեցրել է անօրինականության շարունակության, որը, ըստ էության, միտված է հուշարձանի ոչնչացմանը: Երևանի քաղաքապետը շուկայի կառուցապատողից` սեփականատիրոջից, չպահանջելով արդեն կառուցված հատվածի քանդումը և քանդված կամարաշարի վերականգնումը՝ հանդես է եկել կառուցապատողի կողմից իրականացված ապօրինությունների հովանավորող, ինչն էլ իր հերթին հանգեցրել է քրեորեն հետապնդելի արարքի կատարման:
Փակ շուկայի կառուցապատողին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քրեական պատասխանատվության կանչելու իրավական հիմքերն են՝
Փակ շուկայի կառուցապատողը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը թույլ են տվել.
ՀՀ քրեական օրենսգրքի 11-րդ գլխով նախատեսված` հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընդգրկված 264 հոդվածի խախտում` պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը:
ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների ցանկում ընդգրկված 315'1 հոդվածի խախտում` ինքնակամ շենքի կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցը չքանդելը և 315'2 հոդվածի խախտում` շենքի ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը:
Բողոքի պահանջն է` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 05.07.2013 թվականի ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ որոշումը վերացնել և հարուցել քրեական գործ»: