Գրադարանավարները ստանում են չնչին աշխատավարձ
Արդեն չորրորդ անգամ Գրադարանավարի օրվա կապակցությամբ անցկացվում է «Հանդիպման վայրը՝ գրադարան» խորագրով ծրագիրը։ Այն ամեն տարի նշվում է Գրադարանավարի օրվա՝ հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան։
Արդեն ավանդական դարձած ծրագիրն այս տարի անցկացվում է այսօր։
Երեկոյան ժամը 18.00-23.00-ն Հայաստանի գրադարանները բաց կլինեն ընթերցողների համար։ Ծրագրի նպատակն է՝ ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարեւորությունը ժամանակակից տեխնոլոգիաների ժամանակաշրջանում։ Ինչպես նաև նպաստել գրքի եւ գրականության տարածմանը։
Հայաստանում կա մոտ 100 գրադարան։ Գրադարանավարները գոհ են, որ ունեն իրենց մասնագիտական օրը, սակայն նրանք այդ օրն անգամ չեն կարող չխոսել աշխատավարձերի մասին։ Ավ. Իսահակյանի անվան գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ գրադարանավարները ստանում են շատ չնչին աշխատավարձ՝ 45 հազար դրամ։
«Գրադարանավարների համար այսօր միակ օրն է, երբ նրանք ժպիտով են խոսում իրենց աշխատավարձերի մասին։ Մնացած օրերին շվարում են, թե ինչպես կարելի է այդքան ցածր աշխատավարձով ապրել։ Մեզ մոտ աշխատում եմ բարձրագույն կրթությամբ մասնագետներ, բայց աշխատավարձի չափով՝ նվաստացուցիչ վիճակում են»,-նշեց տիկին Բարսեղյանը։
Ռուզաննա Բարսեղյանի խոսքերով, աշխատավարձերի ցածր լինելու մասին նրանք բազմիցս են բարձրաձայնել.«Երևանի քաղաքապետարանը խոստանում է, որ կբարձրացվի»։
Թե երբ Երևանի քաղաքապետարանը կբարձրացնի գրադարանավարների աշխատավարձերը, հայտնի չէ, սակայն գրադարանավարները շարունակում են աշխատել և սպասարկել բազմաթիվ ընթերցողների։