Տիգրանակերտի մուտքն այսուհետ վճարովի է
2010 թ. բացված Տիգրանակերտի հնագիտական թանգարանը տարեկան 25-ից 30 հազար այցելու ունի: Մուտքը թանգարան՝ անվճար է։
Վերջերս, սակայն ԼՂՀ կառավարությունը հաստատել է, որ թանգարանի այցելուները 250 դրամ պետք է վճարեն:
«Սա մշակութային, թե բիզնես քաղաքականություն է։ Ինչքան մատչելիությունը սահմանափակվի, այնքան քիչ մարդ կգա եւ կտեսնի Տիգրանակերտը »,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահագությունը հայտնեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Պարոն Պետրոսյանը նաեւ նշեց, որ Տիգրանակերտն էական նշանակություն ունի, քանի որ այն հայտնաբերվել է Աղդամի տարածքում։
«Ադրբեջանի համար մեր կատարած աշխատանքը շահավետ չէ, իսկ մեր կուսակցությունները չեն կարողանում դա ճիշտ օգտագործել»,- նշեց նա։
Որպես հնագետ՝ նա երբեք չի խոսել այդ մասին, սակայն հետեւել է, թե ինչ չափով են քաղաքական գործիչները հայ մշակույթն օգտագործում իրենց քաղաքականության մեջ։
Արշավախմբին՝ ԼՂՀ կառավարությունը տարեկան 22-ից 23 մլն դրամ է հատկացնում, որից 12-ից 13 մլն տրամադրվում է թանգարանի պահպանությանը։
«Եթե չլիներ Տիգրանակերտը, մարդիկ չէին գա եւ չէին տեսնի թանգարանը»,- ավելացրեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավարը։
Միաժամանակ բիզնես նախաձեռնությունը, նրա խոսքերով, չպետք է վնասի հուշարձանին. «Ես ձեւերին եմ դեմ, ոչ թե երեւույթին։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ աշխարհն իմանա բացահայտված Տիգրանակերտի մասին»։
Այսօր արշավախմբի ղեկավարը մեկ անգամ եւս ընդգծեց, որ իրենց անձնական նախաձեռնությամբ է սկսվել պեղումները եւ ոչ ոք իրենց չի պատվիրել։ Տիգրանակերտի տարածքն այժմ համարվում է պետական արգելոց եւ 15 հոգուց բաղկացած արշավախումբը տարվա մեջ միայն 2 ամիս է պեղումներ իրականացնում։