Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթով կհասնեն Բաղրամյան 26

Հասարակություն
5fc31946c0b58dcb1455bd85f04f4eb4

Հոկտեմբերի 10-ին ժամը 13-ին «Թեղուտի պաշտպանություն» նախաձեռնության անդամներն ու ակտիվիստները իրազեկման երթ կկազմակերպեն։ 

Նպատակը տեղեկացնել, թե ինչ է տեղի ունենում Թեղուտում։

Այսօր բնապահպան-ակտիվիստները լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ հայտնեցին՝ Թեղուտում տիրող իրավիճակի և թեղուտցիների տրամադրվածության մասին։

Ակտիվիստներից Նարե Սմբատյանը, ով արմատներով Թեղուտից է, նշեց, թե ինչ խնդիրների հետ են ամեն օր առնչվում թեղուտցիները։
«Առաջինը փոշին է։ «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստացել էր ջրցան մեքենաներ տրամադրել, բայց չի տրամադրել։ Թեղուտցիները նաև ջրի խնդիր ունեն, աղբյուրները ցամաքել են։ Տեղաշարժվելու խնդիր էլ ունեն, արոտավայրերից զրկվել են, փակուղի վիճակում են։ Նաև թեղուտցիներին աշխատանքի չեն ընդունում, հարևան գյուղերի բնակիչներին են ընդունում։ Վալեքս-գրուպը փորձում է իրագործեն առանց թեղուտցիների ծրագիրը»,-ասաց Նարե Սմբատյանը։

Լևոն Ստեփանյանն էլ նշեց, որ իրավական առումով մոտ 77-ի հասնող ներօրենսդրական և միջազգային կոնվենցիաներ են խախտվում։
«Թեղուտի սրբավայր մտնելու համար անցաթուղթ է պետք։ Վալեքս-գրուպը դարպասներով փակել է և միայն անցաթուղթ ցույց տալուց հետո է ներս թողնում։ Այն ամենն ինչ ՀՀ-ում կատարվում է, Թեղուտը դրա միկրոմոդելն է»,-նշեց Լևոն Ստեփանյանը։

«Վալեքսից թեղուտցիներին հայտնել են, եթե դուք չլինեք, մենք շնողցիներին կբերենք, եթե շնողցիներն էլ չուզեն աշխատել, մենք Աֆրիկայից աշխատողներ կբերենք»,-ավելացրեց Գայանե Բաբլոյանը։

Եղիա Ներսեսյանն էլ կարևորեց լրագրողների դերը։ Ըստ նրա լրագրողները պետք է այցելեն Թեղուտ, լուսաբանեն այն ամենն ինչ կատարվում է այնտեղ։

«Ակտիվիստների գործողությունները սահմանափակ են, իսկ լրագրողները կարող են ամեն տեղ մտնել։ Ինչ վերաբերում է հոկտեմբերի 10-ի երթին, ապա այն կմեկնարկի Կառավարության շենքի մոտից, կշարժվենք դեպի Վալեքս գրուպի գրասենյակի մոտ, իսկ հետո՝ Բաղրամյան 26»։