Քաղաքաբնակները հարսանեկան ծիսակարգերին չեն հետևում
«Ժամանակակից հարսանիքները հեռացել են ավանդույթներից», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը: Ըստ ազգագրագետի՝ քավոր, թամադա հասկացությունները վերացել են. «Քավոր նշանակում են չամուսնացած մարդուն, որը շատ սխալ է, անցյալի քավորը պետք է մի քանի արու զավակներ ուներ», - ասաց Նահապետյանը:
Նրա խոսքերով՝ պետք է ավանդույթներին խիստ զգուշությամբ վերաբերվեն.«Մեկ հարվածով դրանք չթրատել, բա ինչով ենք հայ կոչվում, պետք է տարանջատել, որը կարելի է, որը չէ».- ավելացրեց ազգագրագետը:
«Ժամանակից հարսանիքի արարողությունը շատ է հեռացել ավանդույթներից», - այս կարծիքին է նաև Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը:
Նրա խոսքերով՝ հիմա ամուսնացողները կարևոր են համարում վարդեր թափելը, եկեղեցում կարմիր գորգեր փռելը, հայրը աղջկա ձեռքը բռնել կաթոլիկական ձևով տղային հանձնելը: «Ամուսնացողների համար նկարահանումն է կարևոր, մինչդեռ հոգևորը պետք է առաջնայինը լինի, հարսը պետք է աղոթքով մտնի եկեղեցի», - նկատում է քահանան և հավելում, որ անցյալում մինչև պսակը ստուգում էին, թե արդյոք որևէ հիվանդություն ունեն աղջիկը կամ տղան: «Անցյալում ամուսնությունները երջանիկ էին լինում, հիմա օտարամոլության պատճառով զույգերը միմյանց հետ ցոփուշվայտ կյանք են ապրում, բազմաթիվ հիվանդություններվ վարակվում, ձևի համար երեխա ունենում», - ընդգծեց Տեր Տիրայրը և նշեց, որ հիմա մեր ընտանիքն այն կայուն ընտանիքը չէ, ինչպիսին եղել է հազարամյակներ առաջ:
«Ավանդական հալվայի տեսակներն ու անուշակումները հարսանիքներում բացակայում են», - նշեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: Ըստ Սեդրակյանի՝ մոռացվել են հարսանիքի վարման ձևերը. «Հարսանիքից առաջ հաց թխելու, ցլիկ մորթելու, խաշ ուտելու ծեսերը»,- ասաց Սեդրակյանը:«Գյուղական համայնքներում պահպանվում են ծիսական կերակուրները, քաղաքաբնակները ավանդական հարսանեկան ծիսակարգին չեն հետևում»: