«Նախկին մինիստրն ուզում է ԳՄ նախագահ դառնալ»
Ո՞վ է լինելու գրողների միության հաջորդ նախագահը: «Բոլորը ծխամորճերով փորձում են ներխուժել Գրողների միություն»,- անհանգստանում է բանաստեղծ Արտեմ Հարությունյանը։
«Ես շատ կուզեի, որ գրողների միությունը ազատվեր ինքնաբավությունից: Պետք չէ այն դիտարկել որպես հասարակական կազմակերպություն, քանի որ այն ստեղծագործական միություն է»,-կարծում է գրականագետ Սուրեն Աբրահամյանը:
«Սոսկալի «լավ» ժառանգություն ստացավ Լևոն Անանյանը՝ շուրջ 400 գրող, որոնց մեծ մասն ընթերցող չունի: Նա լավ աշխատեց, բայց ցավոք այսօր էլ գրողների միությունը ունի նույնքան անդամ»,-ասաց Արտեմ Հարությունյանը։
«Մի մինիստր կար, որը ատրճանակով ծեծեց մի բոմժատիպ էլեկտրիկի, հիմա ուզում է դառնալ նախագահ, միջակ գրող է: Ծխամորճով է ման գալիս հիմա, փչում է ծուխը տիեզերքի դեմքին,- բանախոսը նկատի ունի մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանին:- Մյուսն էլ Դավիթ Մուրադյանն է, ով ոնց որ երկնային տեգ լինի ուղղված երկնքին և գրողների միությանը։ Ռազմիկ Դավոյանը կործանեց գրողների միությունը, վերջին քսան տարում ոչինչ չի գրում: Բոլորը ծխամորճերով փորձում են ներխուժել Գրողների միություն»,- ասաց բանաստեղծ Արտեմ Հարությունյանը՝ պոետիկ ոճով։
Թեև Արտեմ Հարությունը չցանկացավ նշել իր նախընտրած թեկնածուի անունը, բայց ասաց, որ ծխամորճով գրողի չի ուզում նախագահ տեսնել. «Կիրթ մարդ լինի, մշակութային դեմք լինի, գրական բարձր ճաշակ ունենա»,- իր չափանիշները ներկայացրեց Արտեմ Հարությունյանը։