«Սերժ Սարգսյանն անձնական հարցեր է լուծում»
«Նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժիկ Սարգսյանը Մաքսային միություն է մտնում՝ անձնական հարցեր լուծելու համար»,-անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ այսօր հայտարարեց քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանը։
«Անձնական հարցեր ասելով՝ նկատի ունեմ Մարտի 1-ը, նաև, թե հոկտեմբերի 27-ից հետո իշխանություն շահողներն ինչ կապ ունեն։ Նաև տնտեսական հարցեր և այլ կարգի հարցեր»,- նշեց Երջանիկ Աբգարյանը՝ ավելացնելով, որ ինքը չի հավատում ռուսական կողմի ճնշումներին և ահա, թե ինչու. «Ինչի՞ համար ճնշել մի մարդու, որն ինքն իրեն համարում է Ռուսաստանի մարդ, ընդունում հատուկ ծառայությունների մեդալը։ Սարգսյանը չի ստում, երբ ասում է, որ ոչ մի ճնշում չի եղել»։
Քաղաքական գործչի խոսքերով, Մաքսային միությունը կարծես թե առիթ է դառնում, որ Ռուսաստանը ենթարկեցնի Հայաստանին։
«Մաքսային միություն իրականում չի ստեղծվել, մենք գործ ունենք քաղաքական գործոնի հետ։ Կիսացարական համակարգի նման մի բան են ուզում սարքել»։
Երջանիկ Աբգարյանը բացառեց նաև, որ Հայաստանը Վիլնյուսում կնախաստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը։