Աշխատատեղեր՝ 600 դոլար աշխատավարձով
Գյումրիում ամիսներ առաջ սփյուռքահայերի կողմից ստեղծված «Դիջիթըլ Փոմըգրանեթ» նորարարական IT ընկերությունը սկսում է «Կառուցի՛ր քո բիզնեսը, կառուցի՛ր Գյումրին» արշավը:
Ընկերության հիմնադիրներ Թոդ Ֆաբաքերը և Միքայել Ջանեանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին իրենց առաջարկները և կիսվեցին ապագա ծրագրերով:
«Փոքր բիզնեսն աշխարհում մեծ պահանջարկ ունի: Մենք ներկայացնում ենք վեբ կայքերի նոր դիզայն ու մոդել, որը նոր է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում»,-նշեց Թոդը: Նա հավատում է, որ հատկապես Գյումրիում կգրանցեն հաջողություններ. «Գյումրիում կա մեծ պոտենցիալ ու կրեատիվություն»:
Միքայել Ջանեանը տեղեկացրեց, որ ընկերությունը կունենա շուրջ 200 աշխատակից, ովքեր կստանան 600 դոլար աշխատավարձ. «Մենք գնահատում ենք նախևառաջ յուրահատուկ ու չկրկնվող առաջարկները և ստեղծարար միտքը: Ես համոզված եմ՝ մենք կգտնենք նման երիտասարդների»,- նշեց նա:
Հիմնադիրները նաև տեղեկացրին, որ ուրբաթ օրը կստորագրեն փոխհամաձայնության հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։ «Մենք բաց ենք համագործակցության համար և նախատեսված է նաև համագործակցություն արտերկրյա գործընկերների հետ»,- հավելեց Միքայել Ջանեանը: