«Ժառանգությունը» հակահայկական գործողություն է իրականացնում»
«Մեր երկրի ներքին կեղտը չպետք է հանել արտաքին աշխարհ, պետք է մեր ներսում լվանալ մեր կեղտերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցին, թե երկրի նախագահը կազինոյում 70 մլն եվրո է տանուլ տվել, ասաց գրականագետ Վարդան Դեւրիկյանը:
Նրա խոսքով՝ արտաքին աշխարհում մենք պետք է համախմբված լինենք: «Էդ երիտասարդները ուղեղ չունեն, թող գան նախագահականի մոտ բողոքեն, ես դեմ չեմ, բայց ոչ թե Եվրոպաններում»,- նշեց Դևրիկյանը և հավելեց, որ եթե նույն հարցը Ադրբեջանի նախագահին տային, մենք կուրախանայինք:
«Ժառանգության» յուրաքանչյուր հարց խոցում է մեր պետությանը, ազգային քողի տակ հակահայկական գործողություն են իրականացնում», - ասաց գրականագետը:
Հոգեբան Սամվել Խուդոյանը նման հարցի հնչեցումն ակնհայտ պրովոկացիա անվանեց: «Սա լուրջ հարց է, պետք է փաստեր ունենալ նման լուրջ մեղադրանք ներկայացնելու համար»,- ասում է հոգեբանը:
Անդրադառնալով կրոնափոխ հայերի խնդրին, որ ավելի վաղ բարձրացրել էր Շարլ Ազնավուրը, Վարդան Դևրիկյանն ասաց, որ պետք է ընդունել դավանափոխ եղած հայերին. « Դա նույնն է, թե չընդունել կապույտ տանիք ունեցող տները»։
Հոգեբան Սամվել Խուդոյանն ավելացրեց, որ կրոնը բացարձակ կապ չունի, մարդկանց պետք է ընդունել գրկաբաց. « Գործնականում մենք պետք է ընդունենք էդ մարդկանց»:
Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը դիմել էր Սերժ Սարգսյանին, որ վերջինս ընդունի բոլոր կրոնափոխ եղած հայերին: