Ա. Ափինյանը ԳՄ նախագահ չի ուզում դառնալ
Երեւանի Գրողների միության անդամ Աբգար Ափինյանը հորդորում է խոսել միայն գրականության մասին եւ չքաղաքականացնել Գրողների միության նախագահի ընտրությունները։
«Այսօր ոչ ոք չի հիշում, թե Պարույր Սեւակի ժամանակ ով է եղել գրողների միության նախագահ։ Եվ առաջիկա տարիներին, եւ այս տարի եւս եկեք խոսենք գրականության խնդիրների մասին։ Գրողների միության նախագահը չի կարող գրականություն ստեղծել կամ խանգարել գրողների առաջընթացին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է նա։
1996-2001 թթ. Հայաստանի գրողների միության նախագահ աշխատած Աբգար Ափինյանը ցանկություն չունի առաջադրվելու որպես գրողների միության նախագահ։
«Ես միայն մի բան կասեմ, որ Երեւանի գրողների միությունը ամեն ինչ անելու է՝ Հայաստանի գրողների միության աշխատանքներն ավելի աշխուժացնելու, կազմակերպական ավելի բարձր մակարդակի հասցնելու, գեղարվեստական նշանակալի արվեստներ ստեղծելու գործընթացին նպաստելու համար»։
Պարոն Ափինյանն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ միության երիտասարդական թեւը իր թեկնածուն է առաջադրելու։ Նրա խոսքերով՝ երիտասարդ գրողները պետք է զբաղվեն գրականությամբ եւ ոչ թե մտնեն պայքարի մեջ եւ փորձեն իրենց թեկնածուին առաջ տանել։ «Հայաստանում պետք է զբաղվել գրականությամբ»,- ավելացնում է նա։
Սեպտեմբերի 2-ին մահացավ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը։ Գրողներն արտահերթ ընտրությունների միջոցով նոր նախագահ են ընտրելու, սակայն համագումարի օրը դեռ հայտնի չէ։