Ջերմաստիճանը կտրուկ կնվազի
«Հոկտեմբերի 4-6-ը սպասվում է, որ ջերմաստիճանը կտրուկ կնվազի՝ 15-16 աստիճանի սահմաններում»,- այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Նրա խոսքերով՝ ցուրտ մթնոլորտային ճակատ է անցնելու մեր հանրապետության տարածքով, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կնվազի առաջիկա 3 օրերին, իսկ հոկտեմբերի 3-ին ջերմաստիճանը բավականին բարձր կլինի։
«Երևանում կանխատեսվում է միայն անձրև, նույնիսկ Գյումրիում, որտեղ ջերմաստիճանն ավելի ցածր է, թաց ձյան հավանականությունը փոքր է, թաց ձյուն հնարավոր է առավել բարձրադիր լեռնային վայրերում»,- նշեց կենտրոնի պետը։
«Հայպետհիդրոմետ» ծառայության կանխատեսումներով, տեղումներ կլինեն հիմնականում օրվա երկրորդ կեսին, ցերեկային ժամերին ամպամածություն կգրանցվի։
«Ամսի 7-ին ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ, ամենացածր ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ին կգրանցվի»,- ասաց Զարուհի Պետրոսյանը և հավելեց, որ Սյունիքի նախալեռներում գիշերը կարձանագրվի 0, իսկ Աշոցքում, Գյումրիում՝ մինչև -1 աստիճան։
«Ա1+»-ի հարցին՝ եղանակի կտրուկ փոփոխություններով պայմանավորված ցրտահարություն սպասվո՞ւմ է, Զ. Պետրոսյանն ասաց. «Արարատյան դաշտավայրում ցրտահարություն չի լինելու, անհանգստանալու խնդիր չկա»։
Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ սպասվում է տաք հոկտեմբեր. « Հոկտեմբերին ջերմաստիճանը կանխատեսվել է նորմային մոտ, իսկ տեղումները՝ նորմայից ցածր»։
Ինչպե՞ս կանդրադառնա եղանակի կտրուկ նվազումը գյուղատնտեսական աշխատանքների, հատկապես՝ աշնանացանի և բերքահավաքի վրա։ Փորձեցինք այս հարցերի պատասխանը ստանալ Գյուղատնտեսության նախարարությունից։ Մեզ պատասխանեցին, որ եղանակի փոփոխությունը որևէ լուրջ վտանգ չի ներկայացնում ո՛չ աշնանացանի և ո՛չ բերքահավաքի համար։ Մինչդեռ քաղաքացիներն արդեն խուճապի մեջ են եւ կարծում են, որ առաջին անհրաժեշտության գյուղմթերքը ցրտերի հետ կտրուկ կթանկանա։