«Վարչապետի չինաստանյան այցն ավելի խոսուն էր» (տեսանյութ)
Քիչ առաջ ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետին՝ Փակ շուկայի մասին. «Ինչո՞ւ կառավարությունը չի իրականացրել հուշարձանի պահպանության համար անհրաժեշտ գործառույթները, որոնցով լիազորված է»։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի պատասխանը հետեւյալն էր. «Մշակույթի նախարարը, քաղաքաշինության նախարարը զեկուցել են, որ իրենց լիազորություն շրջանակում քննարկել են հարցերը եւ զեկուցել են, որ ունեցել են բանակցություններ քաղաքապետարանի հետ, որպեսզի ընդունվի այնպիսի որոշում, որ հաշվի կառնի օրենսդրությամբ սահմանված բոլոր խնդիրները»։
Հետեւեց Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը. «Անկեղծ ասած, Ձեր՝ Չինաստանում գտնվելը ավելի խոսուն էր, քան Ձեր պարզաբանումը։ Ի՞նչ են զեկուցել, այդպես էլ հասկանալի չեղավ, հերթական անգամ չունեք պատասխաննե՞ր։
Ամբիոն եք բարձրանում ժամանակ լրացնելու համար, գոնե 3 րոպե խոսեիք, ստիպված եմ արձանագրել, որ Հայաստանի հանրապետությունը, ըստ էության, չունի կառավարություն, կան կառավարության անդամներ եւ վարչապետ, որոնք օլիգարխների մոտ աշխատում են վարչապետ»։
«Ձեզ համար ընդհանրապես կարեւոր չէ՝ ինչ հարց է քննարկվում, այլ կարեւոր են այն գնահատականները, որ տալիս եք, ձանձրացել ենք Ձեր գնահատականներից, բովանդակային խնդիրներից, Ձեր գնահատականները դառնում են անհետաքրքիր եւ պարբերաբար կրկնվում են՝ կարեւոր չէ՝ խոսում ենք պատմամշակութային արժեքներից, թե կառավարության ծրագրից։
Ձեզ չի հետաքրքրում ոչ շուկայի խնդիրը, ոչ քաղաքացիների կենսամակարդակի խնդիրը, այլ սեփական ամբիցիաները բավարարելը՝ քաղաքական ռեյտինգը բարձրացնելը։
Մենք ունենք խնդիրներ, այդ թվում նաեւ՝ Ծածկած շուկայի հետ կապված, բազմաթիվ սանկցիաներ են կիրառվել, հանրությունն էլ հետեւում է դրան»,- եղավ վարչապետի պատասխանը։