Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարունակվում է քաղաքի նկարազարդումը

Հասարակություն
bfdc04399820476b48205f7cbd5c965b

Երևանում մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու յուրօրինակ լուծումներով հարդարման, ինչպես նաև բակային տարածքների նկարազարդման ծրագրերը դարձան մայրաքաղաքի հարմարավետության և պատշաճ տեսքի ապահովմանը միտված լայնածավալ ծրագրերի անբաժան մասնիկը:

Բակային տարածքներում տարեսկզբից մեկնարկած նկարազարդման աշխատանքների շրջանակում 230 բակերում արդեն իսկ ավարտվել են նկարազարդման աշխատանքները: Հաշվի առնելով բարենպաստ եղանակային պայմանները, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել բակերի նկարազարդման գործընթացը:

Յուրօրինակ այս մոտեցման արդյունքում բակերում առկա ավտոտնակների և հարակից այլ շինությունների պատերը դառնում են գունառատ: 2012թ-ին, ի դեպ, նկարազարդման աշխատանքներ են իրականացվել շուրջ 190 բակերում: Երևանի զարգացման 2013թ-ի ծրագրերով տարեսկզբից մեկնարկած կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու յուրօրինակ լուծումներով հարդարման աշխատանքների արդյունքում էլ այս տարի վերանորոգվեց ու նկարազարդվեց շուրջ 35 կամարանցում, որով էլ ամբողջությամբ ավարտվեց ծրագիրը:

Երևանի համաչափ զարգացման համատեքստում 2011թ-ից մեկնարկած ծրագիրը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ներառեց մայրաքաղաքի վարչական շրջանների բոլոր կամարանցումները: Ընդհանուր առմամբ անցած ժամանակահատվածում բոլոր այն կամարանցումները, որոնցում մասնագիտորեն թույլատրված է եղել իրականացնել նկարազարդում, ամբողջությամբ վերանորոգվել ու նկարազարդվել են:

Երևանի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում այսօր մայրաքաղաքի 179 կամարանցումներ բարեկարգված են ու նկարազարդված հայկական բնաշխարհի պատկերներով, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձաններով ու հայկական էպոսի և հայտնի հեքիաթների ճանաչված հերոսներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն