«Ո՞վ է կանչել Ավետիք Բուդաղյանին» (տեսանյութ)
ԱԺ պատգամավորներն այսօր իրենց հարցերն ուղղեցին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված նախկին զինդատախազ Գեւորգ Կոստանյանին։
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը վերաբերում էր Սյունիքում տեղի ունեցած արյունահեղությանը։
«Պարոն Կոստանյան, տեսանյութում՝ 23,08,04 րոպեին Ավետիք Իշխանյանին ինչ-որ ձայն է կանչում. «Ավետ», նա հետ է դառնում և ստանում մահացու վնասվածք։ Դուք ճշտե՞լ եք, թե ով է կանչում Ավետիք Բուդաղյանին»։
Գևորգ Կոստանյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, նշեց, որ շատ դեպքերում տարբեր կարծիքներ են հնչել տարբեր ՀԿ-ների, տարբեր անհատների կողմից, սակայն անկախ նրանից, թե հասարակության որոշակի հատված ինչպես է ընկալում տվյալ երևույթը կամ անձը, դա չի կարող նշանակություն ունենալ տվյալ գործի վրա։
«Ինձ համար անընդունելի է կայացնել որևէ որոշում՝ հասարակության համակրանքը և հակակրանքը հաշվի առնելով։ Ես քննարկել եմ այդ որոշումը»։
Պարոն Փաշինյանին կարծես չբավարարեց Գեւորգ Կոստանյանի պատասխանը, և նա կրկին պնդեց իր հարցը. «23,08,04 վայրկյանին ինչ-որ մեկը կանչում է Ավետիք Բուդաղյանին , նա հետ է դառնում և ստանում մահացու հարվածը։ Դուք ճշտե՞լ եք, թե ով է կանչում, ով է կանչի հեղինակը։ Մեծ է հավանականությունը, որ կանչի հեղինակը քննությունից դուրս է բերված։ Ճշտե՞լ եք, թե ով է էդ կանչի հեղինակը»։
«Ինչ վերաբերում է՝ ով է կանչել, դա էական չի։ Մենք ունենք՝ ովքեր են եղել դեպքի վայրում, ովքեր են կրակել, և մենք ունենք ով է տուժել։ Իրավական գնահատականի հետ կապ չունի, թե ով է կանչել»,- հակադարձեց նախկին զինդատախազը։
ՀԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցն էլ կապված էր բանակին հնդկական գոմեշի միս տրամադրելու հետ. «Ինչու՞ գոմեշի մսի գործով մեղադրանք չի առաջադրվել Արշալույս Փայտյանին, ով ստորագրել էր միսը ստանալու փաստաթղթերը։ Ինչպե՞ս կբացատրեք մեղմ վերաբերմունքը Արշալույս Փայտյանի նկատմամբ»։
Ըստ Գևորգ Կոստանյանի՝ «գոմեշի մսի գործ» արտահայտությունը գեներացված գնահատական է. «Խոսքը սովորական խարդախության մասին է, որ տավարի մսի փոխարեն գոմեշի միս է տրվել, եթե խոզի մսի փոխարեն տավարի միս լիներ, նորից խարդախություն կլիներ»,-նշեց Գևորգ Կոստանյանը։
Դիտեք նաեւ տեսանյութը