Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էպոսագետի դատավճիռը կբողոքարկվի

Հասարակություն
917a5a9f04e9350d099722a2804c57d1

Նախագահի նախկին թեկնածու, Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ մեղավոր ճանաչված եւ 14 տարվա ազատազրկման դատապարտված էպոսագետ Վարդան Սեդրակյանի պաշտպանը չէր էլ կասկածում, որ իր պաշտպանյալի դատավճիռը պատճառաբանված չէր լինելու։ Այսօր այս մասին դատավճիռը ստանալուց հետո «Ա1+»-ին ասաց Ալեքսանդր Սիրունյանը։

Նա առայժմ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ պատճառաբանելով, որ բոլոր հարցերի պատասխանները կտա առաջիկայում հրավիրվելիք մամուլի ասուլիսում։

Պաշտպան Սիրունյանը միայն նշեց, որ դատավճիռը անպայման բողոքարկելու են։

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը սեպտեմբերի 23-ին Վարդան Սեդրակյանին, ինչպես նաեւ գործով Պարույր Հայրիկյանի վրա կրակողին դատապարտեց 14 տարվա, իսկ Սամվել Հարությունյանին 12 տարվա ազատազրկման։

Դատախազ Արամ Ամիրզադյանը միջնորդել էր Վարդան Սեդրակյանին դատապարտել 12, Սամվել Հարությունյանին 13, իսկ Խաչատուր Պողոսյանին 14 տարվա ազատազրկման:

Դատավորը փաստորեն ավելի խիստ պատժաչափ նշանակեց նախագահի նախկին թեկնածուի նկատմամբ։
Մյուս երկու ամբաստանյալներն աշխատել էին Վարդան Սեդրակյանի տանը։
Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար, իսկ մյուսները՝ այն իրականացնելու։