Ե՞րբ կիջնի կարտոֆիլի գինը
Այս տարի ավելացել են մշակվող ցանքատարածությունները՝ ՀՀ կառավարության կողմից շարունակական դարձած հողօգտագործողների աջակցության ծրագրերի շնորհիվ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։
Ըստ պարոն Գալստյանի՝ այս տարի ավելացել է նաև ցորենի արտադրությունը։
«306,5 հազար տոննա ցորեն է այս տարի արտադրվել։ Նախորդ տարվա համեմատ 64 հազար տոննայով ավելի։ Մենք փորձում ենք մեղմել տեղական ինքնաբավության մակարդակը»,-նշում է փոխնախարարը։
Նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելացել է նաև գարու արտադրությունը. 2013թ. արտադրվել է շուրջ 184 հազար տոննա գարի, նախորդ տարվա 170 հազարի փոխարեն։
Սամվել Գալստյանը վստահեցրեց, որ առաջիկայում նոր հնարավորություններ կբացվեն ջերմոցատնային տնտեսությունների համար։
«ՀՀ-ում զարգացել է բանջարեղենի արտադրության ցուցանիշը։ Այսօրվա դրությամբ արտադրվել է 860,865 հազար տոննա բանջարեղեն։ Բոստանային մշակաբույսերի առումով նույնպես թվերը գոհացուցիչ են։ Այսօրվա դրությամբ արտադրվել է 208-210 հազար տոննա բերք։ Ինչ վերաբերում է կարտոֆիլին, ապա 2012թ. արտահանվել է մոտ 900 տոննա, իսկ այս տարի՝ 7567 հազար տոննա»։
Գյուղատնտեսության փոխնախարարը, կանխելով լրագրողների հարցը՝ կապված կարտոֆիլի գնի բարձր լինելու հետ, նշեց, որ նոր կարտոֆիլի բերքահավաք չի եղել. «Վաճառվում է ամառը հավաքած կարտոֆիլը, դրա համար էլ գինը մի փոքր բարձր է, աշնանային կարտոֆիլի հայտնվելուն պես գինը կնվազի»,- վստահեցրեց փոխնախարարը։
Սամվել Գալստյանն անդրադարձավ նաև ծիրանի բերքատվությանը։ Չնայած, որ այս տարի գյուղական համայնքի ներկայացուցիչները եղանակային պայմաններից շատ վնասներ են կրել, սակայն ծիրանի բերքը առատ է եղել. «Նախորդ տարի ծիրանի բերքը կազմել է 74 հազար տոննա, իսկ այս տարի՝ 86,4 հազար տոննա։ 2012թ. արտահանվել է 12,6 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 23,3 հազար տոննա։ Ավել կլինի նաև խաղողի բերքը»։
Գյուղական համայնքի ներկայացուցիչները կարող են չանհանգստանալ. Փոխնախարարի վստահեցմամբ՝ դիզվառելանյութի և պարարտանյութի տրամադրումը կշարունակվի նաև այս տարի։