Գյուղացին հրաժարվում է իր հողից
Վերջին տարիներին Արարատյան դաշտավայրում զգալիորեն ավելացել է «Հողը վաճառվում է» ցուցանակների քանակը:
Ինչո՞ւ է գյուղացին վաճառում հողը` իր ապրուստի միջոցը, ինչպե՞ս է կերակրելու ընտանիքը. այս հարցերի պատասխանը «Ա1+»-ը փորձեց ստանալ հող վաճառող գյուղացիներից: Ազատաշենցի Բորիս Միրզախանյանն արդեն մի քանի տարի է՝ հողը վաճառքի է հանել, բայց այդպես էլ չի վաճառվում:
«Ո՞վ պետք է, առնի, ախր, ո՞վ ա ուզում Հայաստանում ապրի, որ հող գնի», - ասաց նա: Հողագործության բազմամյա փորձ ունեցող գյուղացին ասում է, որ ինքը ստիպված է հողը վաճառում: Ըստ նրա` գյուղատնտեսությամբ զբաղվելն այլևս եկամտաբեր չէ: «Պետք է ներդրումներ անես, որ եկամուտ ստանաս, էդքան փող չունեմ, որ մի հատ էլ հողի մեջ դնեմ», - ավելացրեց Միրզախանյանը:
Գյուղացու խոսքերով` հող մշակելուց հրաժարվելու պատճառները շատ են:
«Առաջին՝ ոռոգման ջրի բարձր գինը, ոռոգման ջրի համար տարեկան 70-110 հազար դրամ ենք վճարում, երկրորդ՝ բանկի բարձր՝ 24 տոկոսանոց վարկերը, թանկ թունաքիմիկատն ու պարարտանյութերը», - նշում է զրուցակիցս:
Հողագործը գյուղատնտեսությամբ զբաղվելը ծիծաղելի է համարում հետևյալ դեպքում. «Ներքին սպառման շուկան ոչ միայն շատ փոքր է բերքն ամբողջությամբ իրացնելու համար, այլեւ՝ բավականին էժան: Օրինակ, եթե պոմիդորի 1 կգ-ի շուկայական գինը 35-50 դրամ է, այս գների պայմաններում կարելի˚ է խոսել շահույթ ստանալու մասին»:
Հարևան գյուղի բնակչի օրինակին է հետևում նաև Հայանիստ համայնքի բնակիչ Միքայել Մանթաշյանը: Պապուց ժառանգություն ստացած հողը օր առաջ է վաճառված ուզում տեսնել: Ինքն անիմաստ է համարում հողագործությամբ զբաղվելը: Միքայելը հող մշակելուց հրաժարվելու պատճառը հետևյալ վարկածով է բացատրում. «Շինարարությամբ եմ զբաղվում գումար չեմ կորցնում: Մետրաժով եմ աշխատում, ինչքան աշխատում եմ՝ էնքան էլ ստանում եմ, իսկ ջերմոցով ես վստահ չեմ, որ կարող է այս բույսը աճի, ու ես 100 դրամ գումար աշխատեմ, կարող է բույսը չորանալ, ու էդ փողը կորի, իսկ էսօր էդ 100 դրամն ինձ համար եղանակ է փոխում»:
Երիտասարդը վստահեցնում է՝ եթե հողագործությամբ զբաղվելը եկամտաբեր գործ լիներ, ինքը պապու թողած ժառանգությունից չէր հրաժարվի: