Գյուղմթերքը թանկացնում է վերավաճառողը (տեսանյութ)
Արարատի մարզի Արեւաբույր համայնքի բնակիչների համոզմամբ` 1990-ական թթ. ոչ թե հողը տվեցին գյուղացուն, այլ գյուղացուն հողին տվին:
Գյուղում խնդիրները շատ են, սակայն արեւաբույրցին սիրում է ոչ միայն իր գյուղի յուրահատուկ, ջերմ անունը, այլեւ՝ ամեն օր քրտնաջան աշխատում: Ինչպես իրենք են ասում` արեւը ծագում է, հողի մեջ են, երեկոն իջնում է` հողի մեջ են:
Գյուղի կանայք, ինչպես իրենք են ասում, ամեն անգամ գլուխ գլխի են հավաքվում եւ որեւէ մեկի հրատապ գործը ավարտին հասցնում։ Այս անգամ օգնության կարիք ունի տիկին Աղունը; Նա մեկ օրվա ընթացքում իր հավաքած մաղադանոսի ողջ բերքը պետք փոխանցի վերավաճառողներին։
Տիկին Աղունը մասնագիտությամբ բուժքույր է եւ աշխատում է Մասիսի բժշկական կենտրոնում: Կանաչի է մշակում, քանի որ բուժքրոջ աշխատավարձը չի բավարարում ընտանիքի օրվա հացը հոգալու համար: Նրան վրդովեցնում է, որ կոլեգաները սխալ պատկերացում ունեն կանաչու գնի մասին` կարծելով, որ նա մեծ շահույթ է ունենում. «Մեզանից այս կանաչին տանում են 30 դրամով, հաջորդը նա վերավաճառում է 3-րդ անձին: 4-րդ անձից նոր քաղաքացին առնում է: Դե յուրաքանչյուրին 50-50 գումարի, եղավ 150, ոչ մեկը չի հավատում` 50 դրամից ավելի այս կանաչին մենք չենք կարողանում տալ»:
Նա վստահեցնում է` կանաչու իր 10 մարգից հազիվ 35 հազար դրամ կվաստակի, որը չնչին գումար է` չարչարանքի դիմաց: Իսկ գյուղացին անձամբ իր բերքը շուկաներում չի կարողանում վաճառել: Փորձերը հիասթափեցրել են գյուղացիներին։
Արեւաբույր համայնքի բնակիչ Ռուզաննա Հովհաննիսյանն ասում է. «Փորձել ենք կանգնել, ասում են` քո ապրանքն է, ինչու ես թանկ վաճառում: Մենք իրավունք չունենք թանկ տալու, վերավաճառողն ասում է՝ 10 դրամի համար է կանգնում շուկայում»:
Թե կանաչու, թե գյուղատնտեսական մյուս մթերքների մշակման համար Արեւաբույրի գյուղացիների թիվ մեկ խնդիրը ջրի բացակայությունն է։ Գյուղի գրեթե յուրաքանչյուր ընտանիք բանկից տարեկան 10 տոկոսով 300 հազար դրամ վարկ է վերցրել ու իր հողամասում արտեզյան ջրերի հոր բացել:
Ինչ վերաբերում է գյուղացու կյանքին, ապա բացի հոգսից, այլ բանի մասին չեն մտածում։ Նրանք չեն հիշում, թե վերջին անգամ երբ են որեւէ մշակութային միջոցառման ներկա եղել։ Արեւաբույրում որեւէ մշակութային կենտրոն չկա. «Էտ հեռուստատեսության բրազիլական սերիալները գժվացրին, իսկականից` եթե մի քիչ ուղեղ ունեինք, լրիվ հետ ենք գնացել»,- ասում է Աղունիկ Մարգարյանը: