Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Հարությունյանի մեքենան հրդեհվել է

Հասարակություն
2f6938e3e71ae6ee42424d54310601b7

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի «Գազ 31-10» մեքենան երեկ հրդեհվել է։

Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Արամ Հարությունյանը, երեկ կասկածներ չուներ, որ ինչ-որ մեկի միջամտությամբ է հրդեհը բռնկվել, սակայն այժմ իրավիճակն այլ է։
«Հրշեջ- տեսուչը նայելուց հետո ասեց, որ ինչ-որ մեկի միջամտությամբ է հրդեհը բռնկվել։ Հիմա փորձագետները պետք է գան՝ պարզելու տեղի ունեցածը, եւ ինձ համար էլ է հետաքրքիր, թե ինչից է բռնկվել հրդեհը»,- նշեց նա։

Արամ Հարությունյանի համար անհասկանալի է, թե ով կարող էր նման բան անել եւ նշում է, որ թշնամիներ չունի։
Պարոն Հարությունյանը պատմում է, որ Նորք բարձրացող ճանապարհին է հրդեհը բռնկվել, եւ այնտեղ գտնվող արհեստավորներն են դույլերով ջուր բերել եւ հանգցրել կրակը։ «Եթե նրանք չլինեին, մեքենան կպայթեր»,- ավելացրեց նա։

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավարը նաեւ տեղեկացրեց, որ մեքենան առավոտյան թողել էր արհեստավորի մոտ եւ երեկոյան գնացել վերցնելու, իսկ արհեստավորը ասել է, որ մեքենան դռները բաց կանգնած է փողոցում։
«Նստել եմ մեքենան, գումարը վճարել եւ գնացել»,- պատմում է նա։

Տեղի ունեցածը պարզելու համար պարոն Հարությունյանը դիմել է իրավապահներին։