Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2 տարբեր հայց՝ ուղեվարձի բարձրացման դեմ

Հասարակություն
a0e574e70080bee4bb9dba1f6c282369

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը նոր երկու տարբեր հայցեր է ներկայացրել դատարան՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ ներքաղաքական տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու մասին որոշումները բողոքարկելու համար։

Դեռ օգոստոսի 7-ին «Բարեւ Երեւան» խմբակցությունը դիմել էր դատարան՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին որոշումն անվավեր, իսկ տրոլեյբուսինը՝ առոչինչ ճանաչելու համար։

Սակայն վարչական դատարանը հայցադիմումը հետ էր ուղարկել՝ 3 տարբեր պատճառաբանություններով։

«Դատարանը նշել էր, որ հայցադիմումը, թեեւ ստորագրված է խմբակցության ղեկավարի կողմից, բայց պետք է խմբակցության որոշում, որ Անահիտ Բախշյանն արտահայտում է խմբակցության կամքը, երկրորդը՝ դատավորը գտել է, որ տրոլեյբուսի ուղեվարձի հայցադիմումը պետք է առանձնացվի միկրոավտոբուսների եւ ավտոբուսների ուղեվարձերի հայցադիմումից, ինչպես նաեւ պետք է պետտուրք վճարենք, թեեւ խմբակցությունների համար նախատեսված չէ նման կարգ»,- «Ա1+»-ին հայտնեց Երեւանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը։

Երեւանի ավագանու անդամին զարմանալի է թվում այն հանգամանքը, որ դատարանը գործը քննելու փոխարեն, ընկել է ձեւական կողմի հետեւից. «Իրենց բացարձակապես հետաքրքիր չեն մարդկանց իրավունքները եւ տվյալ պարագայում շահագրգիռ են պետության ներկայացուցչի օգտին։ Մեր դատարանը ոչ թե ապահովում է գործ քննելը, այլ հիմնավորում է՝ ինչու չպետք է քննի գործը»,- նշեց պարոն Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ հուլիս ամսին, մի քանի օրով ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացավ 50 դրամով։ Սակայն ակտիվիստների եւ քաղաքացիների համառ պայքարից հետո Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ժամանակավորապես կասեցրեց ներքաղաքային ուղեվարձը 150 դրամ դարձնելու իր որոշումը։
Այժմ Երեւանի քաղաքապետին կից տրանսպորտի հանձնաժողով է ստեղծվել՝ անհրաժեշտ քննարկումներ կազմակերպելու եւ հանրության կարծիքը լսելու համար։