Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեցերը հարձակվել են Դարակերտի վրա

Հասարակություն
64a541080fea1c997cfd202e7fb64c45

Արդեն 2 տարի է՝ Արարատի մարզի Դարակերտ համայնքի բնակիչները պայքարում են կարտոֆիլի ցեցի դեմ: Գյուղացիներն ահազանգում են, որ իրենց չի հաջողվում այդպես էլ վնասատուի դեմն առնել: Հողագործներն ասում են, որ վաղահաս կարտոֆիլը իրենց փոխարեն «ցեցն» է իրացրել:

Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանի խոսքերով` այս տարի գյուղի կարտոֆիլի ցանքատարածքները 50 տոկոսով կրճատվել են: «Գյուղացիները վախեցան կարտոֆիլ ցանել, քանի որ բերքը ցեցն ուտում էր, ու ոչ մի օգուտ չէին կարողանում ստանալ»:

«Այս տարի գյուղացիները կարտոֆիլ քիչ են ցանել, բայց եղածն էլ կրկին ցեցի բաժին դարձավ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Դարակերտ համայնքի ղեկավարը և հավելեց, որ «չարագործ» վնասատուն Արարատյան դաշտավայրի հողագործների համար իսկական պատուհաս է դարձել:

Կարտոֆիլագործ Ռուբեն Կիրակոսյանն ասում է, որ թունաքիմիկատների միջոցով նույնիսկ չի հաջողվում ոչնչացնել վնասատուին. «Ցեցը տարածվելու հատկություն ունի, իմ բոստանի կարտոֆիլից ցեցը վարակել է նաև լոլիկի, սմբուկի, պղպեղի բերքը։ Հույս չունեմ, որ գոնե 10% բերք կհավաքեմ»։

Համայնքի ղեկավարն ասում է, որ դեռևս անցյալ տարվանից դիմել են կառավարություն ու գյուղնախարարություն: Պատկան մարմինները գյուղացիներին հավաստիացրել են, որ ցեցն անպայման կբուժվի, բայց այդպես էլ, ըստ համայնքի ղեկավարի, խոստումները մնացին օդի մեջ:

Դարակերտցիները մտահոգված են` եթե այդպես շարունակվի մի քանի տարուց կարտոֆիլը Արարատյան դաշտավայրի բնակիչների համար իսկական դելիկատես կդառնա: