Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աբորտների քանակը 2 անգամ նվազել է

Հասարակություն
71f99d669f59b51a93571d3efa85637b

«2010-ի տվյալներով՝ 100 հղիությունից 63-ն ավարտվել է ծնունդով, 5 ծնունդին 1 աբորտ է հասել»,- տվյալներն այսօր ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը։ Ըստ նրա՝ հարցման ենթարկված կանանց 38 տոկոսը նշել է, որ աբորտի դիմում է այն պայմանով, որ ունի երեխաների բավարար թիվ, 19 տոկոսն էլ նշել է, որ սոցիալական վատ պայմաններից ելնելով է այդ քայլը կատարում։ Գայանե Ավագյանը փաստեց, որ աբորտների պատճառով վերջին տարիներին մայրական մահացության դեպք չի եղել։ Աբորտների քանակի նվազման պատճառը, ըստ բանախոսի, հակաբեղմնավորիչների օգտագործումն է։

«3 անգամ ներկայացուցչական հետազոտություն է կատարվել 15-45 տարեկան կանանց և տղամարդկանց շրջանում։ Պարզվել է, որ 98 տոկոսն իմացել է որևէ հակաբեղմնավորիչի անուն։ Հարցվածների 55 տոկոսը օգտագործել է ժամանակակից հակաբեղմնավորիչ, 15 տոկոսը՝ պահպանակ», - նշեց Ավագյանը։

ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի խոսքով՝ ժամանակակից հակաբեղմնավորիչներից ամենատարածվածը ներարգանդային միջոցներն են՝ պարույրները :«Սրանք ժամանակավոր միջոցներ են, որոնց դադարեցումից հետո կինը կարող է դարձյալ վերականգնել իր պտղաբերությունը: Կա ևս մի ժամանակակից միջոց, որը կոչվում է կնոջ և տղամարդու կամավոր ստերիլիզացիա: Սա անդարձ հակաբեղմնավորիչ միջոց է, որից հետո պտղաբերությունը վերականգնել հնարավոր չէ»,- ասաց նա։

Նույն հետազոտության տվյալներով՝ հակաբեղմնավորիչների օգտագործման առումով՝ Հայաստանն առաջ է Ադրբեջանից, հավասար է Վրաստանին։

2007-ից վերարտադրողականության հարցերով զբաղվող մի շարք կազմակերպությունների նախաձեռնությամբ, սեպտեմբերի 26-ը նշվում է որպես Հակաբեղմնավորիչների միջազգային օր։