«Ուկրաինական աղանդը»՝ Երեւանում եւ Արտաշատում
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոմիտաս Վարդապետ Հովնանյանն անդրադարձավ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սեւակ Հովհաննիսյանի վրա հարձակմանը, որ տեղի էր ունեցել մեկ օր առաջ, եւ նշեց, որ քայքայիչ աղանդներն արդեն անցնում են ուժային պայքարի։
Հարցին, թե ինչ ապացույց ունեն, թե հարձակվողները կրոնական այլ ուղղվածություն ունեցող անձինք են, Վարդապետը պատասխանեց. «Խոսում եմ այն նույն իրավունքով, որ իրավունքով հայտարարել են, թե իմ խոսակցությունից հետո են հարձակվել նրա վրա»։
Իսկ նշվող հայտարարությունը, ըստ նրա, եղել է Ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչ Լեւոն Պարտակչյանի կողմից։ Վերջինիս դուր չի եկել Կոմիտաս Վարդապետի՝ նախորդ ասուլիսում արած հայտարարությունը, որ աղանդները քայքայում են մեր եկեղեցին։
Սակայն Կոմիտաս Վարդապետն ասում է, որ խոսքն այն ժամանակ հիմնականում եղել է Ուկրաինայից եկած աղանդի մասին, որ կոչվում է քրիստոնեական միջազգային ընտանիք։ Այդ ուղղությունը բերում է ինցեստի գաղափարը՝ սեռական կապ արյունակից հարազատների միջեւ, և խարխլում հայ ավանդական եւ ազգային արժեքները։
Ի դեպ, նա գիտի, որ դեռեւս չգրանցված այս կրոնական ուղղվածությունն արդեն քարոզչություն է իրականացնում Արտաշատում ու Երեւանում։
Կոմիտաս Վարդապետն ասում է. «Ինչպես Եգիպտոսում մահմեդական եղբայրները բախվեցին, ու եղավ հեղափոխություն, այնպես էլ Հայաստանում են նույնն ուզում անել»։ Իսկ թե ով՝ չմասնավորեցրեց։