Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսերենը կներխուժի՞ մեր կյանք (տեսանյութ)

Հասարակություն
37001340dadcc67622c9e3daad96df10

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը չի խաթարի ազգային կրթական արժեհամակարգը: Վստահեցնում են իշխանության ներկայացուցիչները։

ՀՀԿ պատգամավոր Նաիրա Մուրադյանն ասում է. «Կրթական ծրագրերը Մաքսային միությանը միանալու գործընթացից համենայնդեպս շեղումներ չեն ունենալու»:

Վերջին տարիներին քաղաքացիական նախաձեռնությունները հանդես եկան օտարալեզու դպրոցների վերաբացման մասին օրենսդրական փոփոխությունների դեմ: Այսօր խնդիրը նրանց համար կրկնակի մտահոգիչ է դարձել կապված Մաքսային միությանը մեր հնարավոր անդամակցությամբ։ Նրանք կասկած չունեն, որ Մաքսային միությունում գերիշխող է լինելու Ռուսաստանը եւ նախապատվություն է տալու ռուսերենին: Այս հանգամանքը չի մտահոգում ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանին. «Ես կողմ եմ, որ այն տարածաշրջանում, որտեղ մենք ապրում ենք, մենք նաեւ շատ լավ ռուսերեն պետք է իմանանք, եւ այդ դպրոցները, որոնք խթանում են կամ օգնում են ռուսերենի զարգացմանը, պիտի անպայման լինեն»:

«Իսկ արդյոք մեր մայրենին՝ հայերենը երկրորդ պլան չի՞ մղվի» հարցին Կ. Աճեմյանը պատասխանում է. «Այնքան հավասարաչափ է բաշխված, հավասարակշռված է մեր կրթության ոլորտում այդ դերաբաշխումը, որ ես որեւէ անհանգստություն չունեմ ու չի կարող լինել: Պարզապես մեն ամեն ինչին պետք է շատ ավելի հեշտ նայել ամեն ինչին, եւ ավելի բաց լինենք աշխարհի համար, շատ լեզուներ իմանանք, այդ թվում նաեւ ռուսերեն»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը դժվարանում է ասել, թե ինչ է սպասվում մեր կրթական համակարգին Մաքսային միությունում հայտնվելու դեպքում; Նա տեղեկացված է, որ կրթական համակարգի մասին այս պահին պայմանագրում ոչինչ չկա. «Այն թղթերը, որոնք ինձ ծանոթ են, որոնք ստորագրելու են Բելառուսի ու Ղազախստանի հետ, այդպիսի հարցեր չեն բարձրացվում»:

Ինչ վերաբերում է մեր իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականությունների արդյունքում հայերենին սպառնացող վտանգներին, ապա Հր. Բագրատյանը միանշանակ ասում է. «Ղազախստանում ղազախական լեզուն հաղթարշավ է ապրում, ռուսների տեսակարար կշիռն արագորեն իջել է մինչեւ 25 տոկոս»:

Իսկ ինչ են կարծում մեր քաղաքացիները՝ ինչպես կանդրադառնա մայրենիի վրա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը»։

«Խնդիրը պետական, ազգային մտածողության մեջ է, եթե մենք դա ունենք, ապա ռուսական կրթությունն այստեղ չի կարող խանգարել»,- ասում է մի կին։

Մեկ ուրիշն էլ կարծում է. «Լեզու սովորելը շատ լավ է, այդ լեզուն էլ է մեզ պետք, ռուսերենը, սակայն այնպես չէ, որ դա պետք է համատարած լինի»:
«Եթե պիտի թողնենք մեր հայկական դպրոցներն ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք ռուսական դպրոցներին, երեւի թե լեզուն կկորցնենք, տեսակը մեր կկորցնենք, հետո էլ երեւի պետությունը սիրով կկորցնենք կամ կնվիրենք»,- եզրափակում է մի քաղաքացի: