Բաղդասարովը հրաժարվում է մարել պարտքերը
«Արմավիայի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովն արդեն ինչքան ժամանակ է՝ ծաղրում է իր աշխատողներին»,- ասում էին այսօր նախագահական նստավայրի առջեւ հավաքված՝ «Արմավիայի» մի խումբ նախկին աշխատակիցներ։
«Զուտ նրա համար, որ մենք դիմել ենք դատարան, Բաղդասարովը մեզ պատժի է ենթարկում եւ հրաժարվում է մեզ փող տալ»,- նշեց Քրիստինե Մկրտչյանը։
Աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը եւ օրապահիկները։
Նախկին աշխատակիցներին հատկապես զայրացնում է այն փաստը, որ իրենց հարցերով զբաղվող Աշխատանքի պետական տեսչությունը կցվել է Առողջապահության նախարարությանը, և ժամանակ չունի իրենց հարցերով զբաղվելու, երբ լուծվում էին իրենց կարեւորագույն հարցերը, եւ մեծ սպասելիքներ ունեին։
Բորտ- ուղեկցորդուհի Քրիստինե Մկրտչյանի խոսքերով՝ մեր երկրում մեկ մարդու շահը ավելի բարձր է դասվում, քան աշխատողներինը։
Եթե իրենց հարցերին լուծում չտրվի, աշխատակիցները պատրաստվում են շուրջօրյա նստացույց սկսել, ինչպես նաեւ ապաստան խնդրել այլ երկրներից։
«Արմավիա»-ի նախկին աշխատակիցները Միխայիլ Բաղդասարովին խնդրում են հաշվի առնել այն հանգամանքը, որ իրենք աշխատանք չունեն եւ այժմ սոցիալապես անապահով վիճակում են։
«Արմավիա» ավիաընկերությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ բորտ- ուղեկցորդներից շատերն իրենց աշխատավարձերը ստացել են, մնացել է մի քանի հոգի, իսկ Միխայիլ Բաղդասարովն անում է ամեն ինչ՝ բոլորի աշխատավարձերը վճարելու համար։
«Արմավիա»-ում նաեւ կարծում են, որ ինչ -որ մեկը ուղղորդում է աշխատողներին՝ ակցիաներ անցկացնելու հարցում։