Շահումով խաղերի գովազդ՝ սահմանափակ հյուրանոցներում
Հայաստանյան 4 աստղանի հյուրանոցներում պետք է թույլատրել շահումով խաղերի գովազդը:
Այսօր այս հարցը քննարկեց ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը։ Առաջարկին կողմ էր հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, քանի որ 4 աստղանի հյուրանոցներում հիմնականում զբոսաշրջիկներ կամ օտարերկրյա հյուրերն են սենյակներ պատվիրում։
Նա ասում է. «4 աստղ ունեցող հյուրանոցներում գովազդի թույլատրելի լինելը պայմանավորված է նրանով, որ կարող են արտասահմանյան հյուրերն այստեղ հաստատվել եւ տեղեկատվություն ստանալ, որ որոշակի խաղատներում կամ վայրերում կազմակերպվում են նման խաղեր ու օգտվել դրանցից»:
Որքան էլ անսպասելի էր, «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը պատգամավորներին ներկայացրեց անձամբ ԿԲ նախագահը: Նա դեմ չէ թույլտվությանը, սակայն կարծում է, որ մինչ այդ պետք է հստակեցնել` ինչ է նշանակում հյուրանոցի 4 կամ 5 աստղը։
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պարզաբանում է. «Մեր աստղերի բաշխումը տարբերվում է միջազգային պրակտիկայից. այստեղ որեւէ սահմանափակում չպետք է դնել, լրիվ սուբյեկտիվ մոտեցում է»։
Կորյուն Նահապետյանը ավելի մեծ հեռանկարներ է ակնկալում, քան ԿԲ նախագահը։ «Սկզբունքորեն չի բացառվում, որ աստղերը նույնպես դուրս հանվեն ու թույլատրվի անգամ երեք աստղանի հյուրանոցներում գովազդ տեղադրել, որոնք կվերաբերեն շահումով խաղերին»:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի մոտեցումները հյուրանոցներում շահումով խաղերի գովազդի վերաբերյալ, ինչպես ինքն ասաց, լիարժեք լիբերալ են.
«Արդեն չերեզչուր է դառնում, նենց էլ մեր հնարավորությունը շատ սեղմ է: Ո՞վ է ասում, որ երեք կամ չորս աստղանի հյուրանոցում բնակվողը, հատկապես մենք շատ սահմանափակ հյուրանոցային ռեսուրս ունենք, օրինակ, այնտեղ ապրող իտալացին պետք է գնա, ենթադրենք, Ջերմուկում ինչ-որ տեղ խաղա»: