Քաղաքագետը մեղադրվում է սպանության փորձի մեջ
«Ես մեղավոր չեմ»,- այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում քրեական գործով առաջին դատական նիստի ժամանակ
նման հայտարարությամբ հանդես եկավ քաղաքագետ, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը։
Մայիսի 18-ին ԱԱԾ-ի կողմից Երեւանում ձերբակալվել էին քաղաքագետ Արկադի Վարդանյանը եւ Արսեն Ավետյանը։ Նրանք կասկածվում են վերջինիս հոր՝ Ռոբերտ Ավետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։
Ըստ նախաքննական մարմնի՝ նրանք միջոցներ են ձեռք բերել եւ պայմաններ ստեղծել Ռոբերտ Ավետյանին թունավորելու միջոցով նրա գույքին տիրանալու համար։
Մեղադրող Արամ Ամիրզադյանը, ներկայացնելով գործի էությունը, նշեց, որ տուժող Ռոբերտ Ավետյանը հանել է իր որդուն տան հաշվառումից, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որ ամբաստանյալը միջոցներ ձեռնարկի հորը կյանքից զրկելու եւ նրա սեփականությանը տիրանալու համար։ Հենց այդ հարցով էլ խորհրդակցել է իր մտերիմ ընկերոջ՝ Արկադի Վարդանյանի հետ եւ որոշել են կյանքից զրկել հորը՝ բարձր չափաբաժնով հոգեմետ դեղեր տալով։
Արկադի Վարդանյանի պաշտպան Գայանե Գալոյանը դատարանում նշեց, որ առաջադրված մեղադրանքը չի համապատասխանում իր պաշտպանյալի կատարած գործողություններին, ուստի իրավական հետեւանք չի առաջացնում։
«Մեղադրանքը առաջադրվել է այն հիմքով, որ նրանք փորձել են տիրանալ Ռոբերտ Ավետիսյանի տանը, բայց Ավետյանը միակ սեփականատերը չէ, եւ նրանք չէին կարող տիրանալ տանը՝ անգամ կյանքից զրկելու դեպքում»,- ավելացրեց նա։
Այսօր դատարանում ցուցմունք տվեցին 5 վկաներից 3-ը։ Նրանք նշեցին, որ ձեռք բերված դեղը՝ ազալեպտինը, վերահսկվում եւ վաճառվում է միայն բժշկի դեղատոմսով։ Իսկ տարեց մարդու դեպքում հետեւանքը կարող է ծանր լինել։
Բժիշկ Սուրեն Ներսիսյանն էլ նշեց, որ իրենից դեղի թույլատրելի չափաբաժնի մասին հետաքրքրվել է հենց Արկադի Վարդանյանը։
Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 8-ին, որի ժամանակ ցուցմունք կտան մյուս երկու վկաները։