Վ. Պետրոսյանը միասնության կոչ է անում (տեսանյութ)
Հոկտեմբերի մեկից Վարդան Պետրոսյանի «Ամեն երկուշաբթի» ներկայացումը կցուցադրվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վարդան Պետրոսյանը։
«Ներկայացումը սկսել եմ խաղալ Պարոնյանի անվան թատրոնում։ Բանը նրանում է, որ մասնավոր թատրոնի ներկայացուցիչները դատապարտված են դահլիճ փնտրել անընդհատ։ Պարոնյանի անվան թատրոնը բավականին զբաղված խաղացանկ ունի, և նաև կան պետական միջոցառումներ և այնքան խիտ են դրանք, որ ինքը նույնիսկ իր խաղացանկից հրաժարվում է, ուր մնաց՝ արդեն մասնավոր թատրոնը, ես որ վարձակալում եմ։ Տեսնելով, որ ներկայացումը գնում է իսկապես շատ լավ, ստիպված՝ մի քիչ տխուր, մի քիչ էլ ուրախ, մենք տեղափոխվում ենք Սունդուկյանի թատրոն։ Տխուր, որովհետև մենք Պարոնյան թատրոնում մեզ զգում ենք ինչպես հարազատ տանը, իսկ ուրախ, որովհետև գնում ենք ավելի մեծ թատրոն»,- նշեց Վարդան Պետրոսյանը։
«Ամեն երկուշաբթի» ներկայացումը առանձնանում է նրանով, որ ներկայացման վերջում, Վարդան Պետրոսյանը հանդիսատեսի հետ միասին երգում է.
«Հիմա երկու երգ ենք երգում, առաջ երգում էինք «Ով սիրուն, սիրուն» երգը»։
«Ամեն երկուշաբթի» ներկայացման մեջ Վարդան Պետրոսյանը անդրադառնում է նաև այն երիտասարդներին, որոնք պայքարել են տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ, սակայն ոչ հեղափոխական կոչերով։
«Իմ ներկայացման մեջ ես հեղափոխական կոչեր չեմ անում, անում եմ միասնության կոչեր, հոգևոր միասնության։ Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք հրաշալի երիտասարդություն, որոնք պայքարում են։ Եվ եթե նորից տրանսպորտի սակագինը բարձրացվի, ապա երիտասարդները պետք է նորից պայքարեն»։
Պարոն Պետրոսյանը համոզված է, որ տրանսպորտի սակագնի թանկացման գործում մեծ դեր ունեն թաղային հեղինակությունները։
«Մեր ժամանակ էլ պրոբլեմ կար թաղային հեղինակությունների հետ։ Բայց երբ որ նրանք արդեն մխրճվում են քաղաքականության մեջ և հաղթող դիրքեր են գրավում, սա նոր բան է։ Քաղաքապետի ընտրություններում հաղթեցին թաղային հեղինակությունները։
Ես իմ ներկայացման մեջ էլ ունեմ մի պահ, երբ թաղային հեղինակությունը ակնոցով նստած ասում է, որ քաղաքը իրենցն է։ Մեր երիտասարդները պայքարեցին ու կռվեցին ու կռվում են դրա համար, որ ապացուցեն՝ քաղաքը ձերը չի, քաղաքը մերն է։ Եվ ես չեմ կարող հիացմունքս չարտահայտել էդ կապակցությամբ։ Ինչ վերաբերում է այն լուրերին, որ առաջիկայում կրկին սպասվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացում, սա ես բնութագրում եմ ժողովրդի կաշին քերթել, ուրիշ ոչ մի կերպ, երբ դու մտնում ես ամենաաղքատ մարդու, թոշակառուի գրպանը, բայց տատի- պապիին չպետք է կպնեն։
Դու նրանց փաստորեն անշարժության ես դատապարտում՝ անամոթաբար։ Հիմա էլ 250, սա արդեն չլսված բան է»,- ասաց Վարդան Պետրոսյանը։
Մաքսային միությանը միանալուն դերասանը միայն կատակով է անդրադառնում։
«Բա Ղազախստանը մեղք չի՞, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն։ Ռուսաստանն արդեն մեղք էր, արդեն մտանք էնտեղ։ Ցնծա՛ Մաքսային աշխարհ, Հայաստանը մտավ։ Իսկ ինչ վերաբերում է աջ, թե ձախ, միշտ ասել եմ՝ մարդն ինքն իրենով պետք է կողմնորոշվի, իր պատմությամբ, իր արմատներով։ Արմատները թողած ընկել ենք աջ, թե ձախ»։