Մուգ ապակիները դեռեւս թույլատրելի են
Ավտովարորդները մտահոգված են։ Վարորդների շրջանում խոսակցություններ կան, որ առաջիկայում Ճանապարհային ոստիկանությունը վերահսկողություն է սահմանելու մուգ ապակիներով երթևեկող վարորդների նկատմամբ։ Այսօր այս մասին «Ա1+»-ին հայտնեց վարորդ Արթուր Գրիգորյանը։
«Մենք շատ անհանգիստ ենք, որ ոստիկանությունը կսկսի վերահսկել, կտուգանի մեզ, ու մենք շատ վատ դրության մեջ կընկնենք։ Չգիտենք՝ ինչ անենք, ամեն ինչ անում են, որ էս երկրից թողնենք ու գնանք։ Ոստիկանությունն էլ ոչ մի բան չի ասում»,-ասաց Արթուր Գրիգորյանը։
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ եթե որևէ միջոցառում է լինում, ապա ոստիկանությունը ժամանակին տեղեկացնում է դրա մասին. «Ոստիկանությունն անպայման պատշաճ, պաշտոնական տեղեկություն կտրամադրի, եթե որևէ միջոցառում լինի, որևէ փոփոխություն կատարվի»,-նշեց Աշոտ Ահարոնյանը։