Գրողի այրին դատի կտա Ռ. Ամիրխանյանին
Աջակցիր «Ա1+»-ին«Այվազյանական փառատոնը» հետաձգվում է դեռ գարնանից, պատճառները աջակիցների ու ֆինանսների բացակայությունն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թատերագետ Լևոն Մութաֆյանը։ Նրա խոսքով՝ փառատոնը պետական աջակցություն քիչ է պահանջում, պարզապես վերաբերմունք չկա Այվազյանի հանդեպ. «Այս փառատոնը մի քանի պաշտոնյաների ամբիցիաները չի բավարարի, դրա համար պետական մարմինները գտնում են, որ Այվազյանի մասին փառատոն պետք չէ մեր մշակույթին»։
Գրողի կինը ՝ Գրետա Այվազյանը, հովանավոր գտնելու համար դիմել է բազմաթիվ տեղեր, բայց պատասխան չի ստացել։ «Հուսով սպասում ենք, որ որևէ մեկը օգնի իրականացնել այս փառատոնը»,- ասում է գրողի կինը։
Բացի այդ, ըստ Լեւոն Մութաֆյանի՝ Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությամբ գրված «Երազ իմ երկիր հայրենի» երգի բառերի հեղինակը Աղասի Այվազյանն է. «Ռոբերտ Ամիրխանյանին պատիվ չի բերում գրագողությունը»: Աղասի Այվազյանի այրին էլ հավելեց, որ դա ինտելեկտուալ գողություն է, և ինքը դատի կտա Ռոբերտ Ամիրխանյանին։
Աղասի Այվազյան- հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982), ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1975, «Եռանկյունի» կինոնկարի սցենարի համար), Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի 1983-ի դափնեկիր («Եռանկյունին» գրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963-ից։