Կաղամբն իրացնելու համար էլ է թիկունք պետք
Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղում եկամտի հիմնական աղբյուրը կաղամբի բերքն է։ Այս տարի, սակայն, գյուղացիներից շատերը հրաժարվել են կաղամբ մշակել։ Համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանը մեզ տեղեկացրեց, որ միայն 7 տոննա կաղամբի բերք են ստացել՝ անցյալ տարվա 13 տոննայի փոխարեն։ Սարգսյանի խոսքով՝ կաղամբագործներից շատերը հիսասթափված են իրենց գործից. «Անցյալ տարի շատ մշակեցին, չկարողացան մթերել, էս տարի էլ քիչ են տնկել»։
Հովտամեջի բնակիչ Հայկ Մխիթարյանն իր 7000 մետր հողամասում կաղամբ է սածիլել, բայց բերքահավաքից դժգոհ է։ Կաղամբագործությունը եկամտաբեր է համարում այն դեպքում, երբ կարողանում է լավ բերք ստանալ ու հարմար գնով իրացնել։ Ասում է՝ կաղամբն այս սեզոնին իրեն չարդարացրեց։ Ակնկալվող բերքի քանակը գյուղացին այդպես էլ չստացավ։ «Իմ ուզած կաղամբը չստացա, սերմնացուն լավը չէր ՝ չծլեց, հողում փտեց։ Էդ սերմից 7-8 կիլոգրամ կաղամբ պետք է լիներ, ես լավագույն դեպքում ստացել եմ 3-4 կիլոգրամանոց կաղամբ»,- նշեց Հայկը։
Շուկայում կաղամբը վաճառվում է 100 դրամով։ Սահմանված գինը Հայկին ձեռնտու է. «Անցյալ տարվա համեմատ էս տարի գինը լավ է, անցյալ տարի սաղ թափեցի՝ 20 դրամով էլ չկարողացա ծախել»։ Հողագործն անհանգստացած է կաղամբի մթերման ճակատագրով. «Գյուղացիները չեն կարողանում պայմանագիր կնքել մթերող ընկերությունների հետ։ Ով թիկունք ունի՝ կարողանում է կաղամբը զորամասերին տալ, մնացածը շուկայում մի կերպ ծախում են»։