Ո՞վ է կծել ոստիկանին (տեսանյութ)
«Armenia today» կայքի համակարգող Արգիշտի Կրվիրյանն այսօր Հատուկ քննչական ծառայություն ներկայացավ կրկին բազմաթիվ փաստաբանների ուղեկցությամբ:
Նա հարցաքննության է հրավիրվել օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած դեպքերի առիթով, որի արդյունքում ծեծի է ենթարկվել. «Կրկին ինձ հրավիրել են վկայի կարգավիճակում, այնինչ քրեական գործը փաստացի հարուցված է իմ դեմ, եւ ես, կարելի է ասել, փաստացի մեղադրյալ եմ»։
Կիվիրյանի խոսքերով` մինչ այժմ չեն հարուցվել քրեական գործեր իրեն բռնության ենթարկած անձանց պատժելու համար, եւ նախաքննական մարմինը համառորեն հրաժարվում է դա անել։ Փոխարենը 2 փորձաքննության են ենթարկել նրան՝ ատամների հետ կապված, որպեսզի պարզեն՝ արդյոք նա է կծել այդ ոստիկանին. «Ես ինքս ցանկանում եմ, որ այդ արդյունքը լինի, որովհետեւ անաչառ արդյունքի պարագայում պարզ կլինի այն հեքիաթը, որը ներկայացվում է նախաքննության մարմնի կողմից»։
Արգիշտի Կիվիրյանին հավատ չի ներշնչում դեպքից միայն մեկ ամիս հետո անցկացված դատակենսաբանական փորձաքննությունը;
Այսօր նրան ուղեկցող փաստաբաններից Երվանդ Վարոսյանի խոսքերով, բոլոր իրավական հիմքերը կան Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկած եւ բռնություն գործադրած ոստիկաններին քրեական պատասխանատվության ենթարկելու համար, ինչը չի կարելի ասել Կիվիրյանին մեղադրանք առաջադրելու համար. «Սա մեթոդ է մարդկանց վրա ազդելու, որը տարիներ շարունակ երբեմն հաջողությամբ, երբեմն ոչ՝ կիրառվում է»։
Իսկ ինչո՞ւ նախաքննական մարմինը մինչ օրս Կիվիրյանին տուժող չի ճանաչում՝ հարցին փաստաբանը պատասխանում է. «Նախաքննական մարմինը պատճառաբանում է, որ քանի որ ցուցմունք չենք տվել եւ չենք կարող տուժող ճանաչել Արգիշտի Կիվիրյանին, ուստի մենք որոշեցինք մտնել եւ ցուցմունք տալ»։
Արգիշտի Կիվիրյանին այսօր ուղեկցող փաստաբաններից հարցաքննությանը մասնակցել է միայն Լուսինե Սահակյանը, որը նաեւ նրա կինն է;