Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պրոցեսներից պետք է առաջ ընկնենք»

Հասարակություն
5f367a3d1a75032fb8451ff22951b796

Կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն կունենա երկու հիմնական գործառույթներ: «Ա1+»-ին ասել է կոմիտեի նախագահ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը. «Բնականաբար այլ ֆունկցիաներ ևս կլինի, սակայն հիմնականը երկուսն են, մեկը` հանրապետության քաղաքաշինության հատուկ կարգավորման տարածքներում նախագծերի համաձայնեցումն է:

Դրանք տարբեր քաղաքներ են` Ջերմուկ, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Երևանի որոշ հատվածներ, այսինքն` ճարտարապետական նկարագիր ունեցող հատվածներում առանձնացված են հատուկ կարգավորման տարածքներ, այդ տարածքներում կառուցապատման նախագծերը կհամաձայնեցվեն կոմիտեի հետ»,- մանրամասնում է պարոն Սարգսյանը:

Երկրորդ գործառույթը կառուցապատման ներդրումային ծրագրերի մշակումն է. «Այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե մենք սպասենք` ներդրողը գա ու ասի իր ցանկությունները, այլ պետության միջոցով, տվյալ դեպքում` հանձինս կոմիտեի, պրոցեսներից պետք է առաջ ընկնենք, այսինքն` մենք ինքներս հասկանանք քաղաքների որ հատվածում ինչ կարելի է անել, մշակենք դրա կառուցապատման նախագծերը, ամբողջ փաթեթը, որը իր մեջ կներառի նաև ճարտարապետական առաջադրանքը, կոմունիկացիաների առկայությունը, այլ սահմանափակումների հուշարձանների և ճարտարապետական դիտարկման հետ կապված:

Այդ բոլոր աշխատանքները կտեղադրվեն բաց քննարկման և ցանցերում: Այսինքն` ներդրողը արդեն էս բնագավառում ներդրում անելու ժամանակ կարող է նախօրոք ծանոթանալ այդ փաթեթներին: Դա շատ կարևոր խնդիր է: Ես կարծում եմ դա կտևի երկու տարի, իսկ կսկսենք առաջիկայում, երբ որ կառավարությունը կհամաձայնեցնի կոմիտեի կանոնադրությունը և կառուցվածքը»,- ասաց կոմիտեի նախագահը: