Արդյո՞ք Հայաստանը չպետք է ավելի ագրեսիվ լինի
Այսօր ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը ուսանողների խնդրանքով անդրադարձավ Ադրբեջանում հայ գերի Հակոբ Ինջիղուլյանին. արդյո՞ք միջազգային կառույցները համարժեք են պատասխանում և արդյո՞ք Հայաստանը չպետք է ավելի ագրեսիվ լինի Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Պաշտպանության նախարարը նշում է.
«Մենք հիմա ամեն ինչ անում ենք նրան վերադարձնելու համար և հիմնական խոչընդոտը, որի պատճառով չենք կարողանում մինչև այժմ ետ բերել, դա երկու երկրների միջև պետական կապի բացակայությունն է: Բանակցություններն արվում են միջազգային կառույցների միջոցով: Եվ ընթացքը մի քիչ դանդաղ է եղել, քանի որ Ադրբեջանի «Կարմիր խաչի» ներկայացուցիչները չեն կարողացել հանդիպել Հակոբին: Բայց դրանից հետո նամակագրությունն իրականացվել է, բանակցություններն ընթանում են, և ամեն ինչ անում ենք, որ նա վերադառնա:
Թե ինչ վիճակում կվերադառնա՝ չգիտեմ: Իհարկե, Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, որ Հակոբը ուզում է գնալ երրորդ երկիր, բայց ես ասել եմ եւ միշտ կասեմ, որ Հակոբի նկատմամբ որևէ հետապնդում չի լինի, որովհետեւ նա մոլորված է անցել սահմանը: Եվ երբեք մենք մոլորված Ադրբեջան գնացածների հանդեպ ոչ մի հետապնդում չենք իրականացրել:
Ես չէի ցանկանա, որ երբևիցե որևէ մեկը լիներ նրա տեղը: Ես պատկերացնում եմ, թե այնտեղ ինչպիսի ճնշումների է նա ենթարկվում, և ինչպիսի ճնշումների արդյունքում է նա ադրբեջանական հեռուստատեսությամբ ասել այդ քննադատական խոսքերը մեր բանակի մասին: Նրա ծնողներն էլ ասում են, որ երբեք ոչ մի դժգոհություն չեն լսել որդուց»: