Էպոսագետի դատը չկայացավ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը:
Նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն այսօր չէր ներկայացել դատական նիստին` դատարանին նախապես տեղեկացնելով, որ իր բացակայությունը հարգելի է:
Այսօր պաշտպանական ճառով պետք է հանդես գար Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը: Նշենք, որ մյուս երկու ամբաստանյալների` Վարդան Սեդրակյանի եւ Խաչատուր Պողոսյանի պաշտպանները արդեն հանդես են եկել պաշտպանական ճառերով:
Հիշեցնենք, որ մեղադրող Արամ Ամիրզադյանը դատարանին միջնորդել է Վարդան Սեդրակյանին դատապարտել 12, Սամվել Հարությունյանին` 13, իսկ Խաչատուր Պողոսյանին` 14 տարի ազատազրկման:
Դատական նիստը կշարունակվի վաղը ժամը 15:00-ին:
Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան ապօրինաբար կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար։
Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Տպագրիչների փողոցում անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել տուն վերադարձող ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: