Ինչ ունենք՝ Վ. Համբարձումյանի շնորհիվ է
Այսօր Հայաստանում նշվում է աստղագիտության օրը։ Օրը հռչակվել է սեպտեմբերի 18-ին՝ ի պատիվ ականավոր գիտնական, աստղագետ եւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրվա։
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ խոսելով աստղագիտության ոլորտում մեր ունեցած հաջողություններից՝ նշեց, որ այն, ինչ մենք այսօր ունենք, Վիկտոր Համբարձումյանի մեծ վաստակի արդյունքն է: «Մենք սկսել ենք մոռանալ այն մեծերին, ովքեր մեր երկրի նկարագիրն են կերտել:
Եթե Վիկտոր Համբարձումյանը չլիներ, մենք չէինք ունենա աստղագիտության այն լուրջ մակարդակը, որն այսօր ունենք: Նա, լինելով աշխարհի խոշորագույն գիտնականներից մեկը, 20-րդ դարի գիտության մեջ հասել է ամենաբարձր մակարդակի, ստեղծել է առաջին աստղաֆիզիկայի ամբիոնը Լենինգրադում, ապա ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնը, որը, ցավոք, այսօր գոյություն չունի: Վիկտոր Համբարձումյանն առաջին գիտնականն էր, ով դարձավ գիտնականների միջազգային խորհրդի նախագահ, այն էլ՝ երկու անգամ»,- ասաց Հայկ Հարությունյանը:
Այս պահին հայ աստղագետները շարունակում են Համբարձումյանի ներդրած ավանդը. անկայուն երևույթների ուսումնասիրությամբ են զբաղված, ուսումնասիրում են նաև գալակտիկաները, կատարվում է դիտակների արդիականացում։