Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շատ գործարարներ հարուստ են միայն գրպանով (տեսանյութ)

Հասարակություն
077fc1cab24325c0183521889dfeb514

Նոր մանթաշովներ և նուբարփաշաներ փնտրելն անօգուտ է։ Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բիզնես ոլորտի և հասարակական սեկտորի ներկայացուցիչների քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Հայ միասնության խաչ» ՀԿ նախագահ Գրիգոր Բաբախանյանը։ Նա ընդգծեց, որ մասնավոր հատվածը ոչ միշտ է, որ պատրաստակամ է հասարակական կազմակերպություններին օգնելու հարցում։

Բերելով իրենց կազմակերպության օրինակը՝ Գ. Բաբախանյանը նշեց, որ իրենք հրաժարվել են ծրագրեր իրականացնելու համար գործարարներին դիմելու մտքից։ «Շատ քիչ տոկոս ունենք մեր բիզնեսում, որ և՛ գրպանով են հարուստ, և՛ հոգով են հարուստ», - ասաց Գ. Բաբախանյանը՝ ավելացնելով նաև, որ դա բոլոր գործարարներին չի վերաբերում։

Եթե հասարակական սեկտորի ներկայացուցիչները գտնում են, որ գործարարների հետ համագործակցության թերությունները պայմանավորված են վերջինների մեղավորությամբ, ապա հակառակ կողմը բերում է իր փաստարկը։ «Շատ ՀԿ-ներ կարծում են, որ մենք՝ մեծ ընկերություններս, մեծ բյուջեներ ունենք, վերջիվերջո ի՞նչ է մեզ համար մի քանի հարյուր հազար դրամը կամ մի քանի միլիոն դրամը այս կամ այն ծրագրին տրամադրելու համար, մեզ համար դա ոչինչ է», - ասաց Օրանժ Հայաստան ընկերության ներկայացուցիչ Նազարեթ Սեֆերյանը՝ նշելով, որ իրենք և ընդհանրապես բիզնես ընկերությունները պատասխանատու են իրենց բաժնետերերի և սպառողների առաջ և չեն կարող աշխատած գումարը ծախսել սեփական հայեցողությամբ։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կարելի է երկու ոլորտների միջև սերտ և արդյունավետ համագործակցություն ստեղծել՝ Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանն ասաց, որ անհրաժեշտ է օրենսդրական դաշտ ձևավորել։

Ավելացնենք, որ հանդիպումը կազմակերպվել էր սեպտեմբերի 19-ին նշվող Ժողովրդավարության միջազգային օրվա առիթով։