Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սփյուռքահայերն ուզում են մտնել եվրոպական շուկա» (տեսանյութ)

Հասարակություն

Վազգեն Մեսրոպյանը Հայաստան է եկել Սիրիայից, Մաքսային միության մասին նրա տեղեկությունները շատ չեն, ահա ինչու դրան միանալու որոշմանը վերաբերվում է զգուշավոր լավատեսությամբ. «Խնդիր չենք տեսնում, այլ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին ուղղակի ուզում ենք զգուշավոր նայել, թե Ռուսաստանի հետ կապը ոնց ա լինելու»։

Եվրոմիության հետ կապը խզել պարոն Մեսրոպյանը չէր ցանկանա, բոլոր սփյուռքահայերն են ուզում մտնել եվրոպական շուկա, սիրիահայեր կան, որոնք Հայաստանի փոխարեն նախընտրել են Եվրոպան։

Նանե Հովհաննիսյանը Հայաստան է վերադարձել Եվրոպայից, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մի քանի տարի ապրելուց հետո։ Դա երկիր էր, որտեղ խաղի կանոններ կան. «Կարեւորվում է պայմանագիրը, պատասխանատվություն կա երկուստեք, հարգանք կա երկուստեք, պարտավորություններ կան երկուստեք, ոտնահարման դեպքում երկուստեք համաձայնություն կա ինչ-որ չեզոք ինստանցիա դիմելու»։

Նանե Հովհաննիսյանի համոզմամբ, Հայաստանի իշխանություններն այդպես էլ ոչ մեկին չբացատրեցին, թե ինչու ընտրեցին Մաքսային միությունը։
Ինքը չէր ցանկանա մտնել տեղի ունեցածի քաղաքական հիմնավորումների մեջ՝ իրեն ծանոթ են Եվրոպան եւ Ռուսաստանը՝ մեկն իբրեւ կառավարման եւ սոցիալական առաջադիմական համակարգ, մյուսը՝ իբրեւ հետադիմական. «Մենք մյուս ճանապարհը փորձել ենք արդեն, երբ վերեւից դիկտատուրա է լուծումների եւ բոլորս միանման ենք»։

Տիկին Նանեն հասկանում է, որ անվտանգությունը կարեւոր է Հայաստանի համար, հասկանում է նաեւ, որ դեմոկրատիան մեր տիպի երկրներին չի կարող ապահովագրել թշնամական հարձակումներից. «Սինգապուրը դեմոկրատական պետություն չի, Հոնկոնգը դեմոկրատական չի եղել մինչեւ Չինաստանին հանձնվելը, հիմա առավելեւս, այսինքն՝ Չերչիլի ասածն է՝ չարյաց փոքրագույնը»։