Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Դ. Սանասարյանին չեն թույլատրել նիստին

Հասարակություն
17a4997770ee5c7b3745190813ceaef7

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը այսօր չի մասնակցել քաղաքապետի կողմից հրավիրվող կազմակերպական-կառավարչական նիստին։
Նրան թույլ չեն տվել ներս մտնել, եւ ֆեյսբուքյան իր էջում նա իր մտահոգությունն ու զայրույթն է ներկայացրել.

«Այսօր ճանապարհին քաղաքապետարանի տված տրակտոր-վոլգան հանգեց խաչմերուկի մեջտեղում, որի պատճառով խցանում առաջացավ, ու ես ուշացա մոտ 10 րոպե: Բարձրացա նիստերի դահլիճ եւ քաղաքապետարանի աշխատողը ասաց, որ քանի որ ուշացել եմ ներս մտնել չեմ կարող, ինքը հատուկ հրահանգ ունի քաղաքապետից, որ իրենից հետո ներս մարդ չի մտնելու... Քանի կար ասում էին առանց փողկապի չեք կարող ներս մտնել, հիմա էլ երկաթե վարագույր են քաշում նոր նիստ անում։

Քաղաքապետարանը ձեր դուքյանը չի, մաքսային միությունն էլ չի գալու, որ ստալինյան կարգեր հաստատեք։

Հանգստացեք պարոնայք, կյանքն ավելի բազմազան է, քան դուք եք պատկերացնում....»,- գրել է նա։

Իսկ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն «Ա1+»-ին հայտնեց, որ հենց «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավարն է դիմել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որ կազմակերպական-կառավարչական նիստերին ավագանու մեկ անդամ մասնակցի ռոտացիոն կարգով. «Նիստին արդեն մասնակցում էր «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը, դրա համար էլ նրան չեն թույլատրել մասնակցել»,- պարզաբանեց Արթուր Գեւորգյանը։