Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաշխիք ժողովրդից՝ Տիգրան Առաքելյանի համար (տեսանյութ)

Հասարակություն
9f937542a81e093a5edd87eebef6a0af

Յուրաքանչյուր քաղաքացի, ով ցանկանում է ազատության մեջ տեսնել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին, կարող է իր երաշխիքը տալ՝ ստորագրության տեսքով:

Նախաձեռնության հեղինակը ՀԱԿ-ն է` արդեն 2 տարի շարունակ անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի նկատմամբ արդարությունը վերականգնելու մղումով: Իրավապաշտպան Արմեն Խաչատրյանը հիշեցնում է`քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է խափանման միջոցի փոփոխություն, եւ այդ մասին բազմաթիվ միջնորդություններ եւ հայտարարություններ են եղել տարբեր անձանց կողմից;

«Առաջինը Լևոն Զուրաբյանը հանդես եկավ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոփոխելու նախաձեռնությամբ, այնուհետև դերասան Հովհաննես Ազոյանը միացավ, իսկ ուրբաթօրյա ակցիայից հետո մոտ 20 հասարակությանը հայտնի մարդիկ միացել են նախաձեռնությանը»,-նշեց իրավապաշտպանը:

ՀԱԿ վարչության անդամ Արեգ Գևորգյանն իրենց նախաձեռնությունը համարում է ժամանակի հրամայականը: Ըստ նրա՝ հասարակությունը պետք է ճնշում գործադրի դատարանի վրա` հիշեցնելու համար, որ նրանք արդարադատության մարմին են և ոչ թե իշխանության գործիք:

Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու նպատակով անձնական երաշխավորագիր տալու համար կպահանջվի ընդամենը կես ժամ:

«Պետք է կես ժամ գտնեն, մտնեն մեր գրասենյակ: Դա տևում է 3 րոպե, ձևաթուղթը լրացնեն, ստորագրեն, դրանով իսկ նպաստեն Տիգրան Առաքելյանի շուտափույթ ազատ արձակմանը»,-տեղեկացրեց Արմեն Խաչատրյանը:
Ձեւաթղթերը կարելի է լրացնել եւ ուղարկել նաեւ ինտերնետային տարբերակով՝ մանրամասներին տեղեկանալով Ֆեյսբուքում ՀԱԿ համակիրներից։

Երաշխավորագրերը, որոնք կհավաքվեն մինչև մյուս դատական նիստը, կներկայացվեն դատարան:
Հիշեցնենք, որ ՀԱԿ 4 ակտիվիստների գործով հաջորդ նիստը տեղի կունենա վերաքննիչ դատարանում` սեպտեմբերի 18-ին: Ոստիկանների հետ բախման եւ նրանց նկատմամբ ուժ կիրառելու մեջ մեղադրվող երիտասարդներից միայն Տիգրան Առաքելյանն է անազատության մեջ։ Իսկ ՀԱԿ-ն ու նրա համակիրները Տիգրանին համարում են քաղբանտարկյալ։