Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարաններն անկախ չեն. փաստաբան

Հասարակություն
7f135fc31d812e457d06034475deb772

Դատավորների մեծ մասը եւ դատարանները բավարար չափով անկախ չեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց փաստաբան Արա Զաքարյանը։

Նա այդ համոզմունքին եկել է հատկապես այն բանից հետո, երբ անզգուշության պատճառով իր պաշտպանյալին Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը դատապարտել է 3 ու կես տարվա ազատազրկման:

Այսօր պարոն Զաքարյանը մանրամասն ներկայացրեց 2011 թ օգոստոսի 31-ին տեղի ունեցած դեպքը: Նրա պաշտպանյալը՝ Կարեն Անանյանը, իմանալով, որ երրորդ երեխան է ունենալու, ոգելից խմիչքի ազդեցության տակ, որոշել է գնալ որսորդության, մեքենայի մեջ դրել է զենքը եւ զանգահարել իր ընկերոջը՝ իրեն միանալու համար: Հանդիպել են իրար եւ, ինչպես պատմեց պաշտպանը, Կարեն Անանյանը ընկերոջը ցանկացել է ցույց տալ որսորդական հրացանը, սակայն մատը կպել է փողին, արձակված գնդակը նախ դիպել է մեքենային, իսկ այնուհետեւ տուժող Արսեն Պեպանյանին:

«Դատարանն անդրադարձի փաստը հաշվի չի առել, եւ մենք շատ լավ գիտենք, որ դատավոր Արմեն Խաչատրյանը դատախազության պատվերն է կատարում»,- նշեց Արա Զաքարյանը: Նրա խոսքերով՝ դատարանը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները, եւ իրենց կարծիքը ընդհանրապես հաշվի չի առնվել: Նույն կերպ վարվել է նաեւ Վերաքննիչ դատարանը, թեեւ դատավճիռը թողել է անփոփոխ:Գործն արդեն Վճռաբեկ դատարանում է:

Արա Զաքարյանը նաեւ ավելացրեց, որ տուժողը՝ Արսեն Պեպանյանը, Կարեն Անանյանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ է, եւ տուժողը որեւէ բողոք չի ներկայացրել:

Ըստ նրա՝ եթե իր պաշտպանյալը չբողոքարկեր դատավճիռը, ապա դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո կլիներ ազատության մեջ, քանի որ մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ կային գործում: Նրա խնամքին են գտնվում երեք անչափահաս երեխաները, ծնողները եւ հաշմանդամություն ունեցող քույրը. «Սակայն նա նախընտրեց վերականգնել արդարությունը»: