Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանկերը ջայլամին չեն ճանաչում» (տեսանյութ)

Հասարակություն
ec54acc379cb7520d97fd55e025e2f30

Ծնունդով աֆրիկացի այս ջայլամներն արդեն 3 տարի է` ապրում են Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ Նրանք այստեղ են հայտնվել ջրառատցի Տիգրան Խաչատրյանի շնորհիվ, որի նոր բիզնեսը շատերին զարմացրել է, մինչդեռ նա ջայլամաբուծությունը շահութաբեր բիզնես է համրում. «Մեզ հաջողվեց սպասվածից լավ արդյունք ստանալ, ունենք 70 ճուտ, հաջորդ տարի կունենք 400 հատ»։

Տիգրան Խաչատրյանը թռչուններին ձեռք է բերել, երբ ընդամենը մեկ ամսեկան էին։ Այսօր գրեթե բոլորը մայրացուներ են։ Թռչունները Հայաստանյան եղանակային պայմաններին հեշտ են հարմարվել, սակայն մի հատկություն ունեն, որը պետք է հաշվի առնել՝ մարդկանց նման կարող են սթրեսների ենթարկվել. «Սթրեսը այս կենդանիների համար մահացու է»։

Ջայլամաբուծությունը Տիգրանը գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ճյուղերից է համարում։ Այս թռչունները պահանջկոտ չեն նաեւ սննդի հարցում՝ ուտում են ինչ տալիս են։ Մեկ ջայլամը տարեկան տալիս է 60-80 ձու, եւ 100-150 կգ միս։ «Մեկ կովից մեկ հորթ են ստանում, ոչխարից 2 գառ, իսկ մեկ ջայլամից 80- 90 ճուտ կարելի է ստանալ», - մանրամասնեց ջայլամաբույծը։

Ջրառատցի ջայլամաբույծը չի բավարարվում իր հաջողություններով, մտադիր է ֆերման ընդլայնել: Փոքր ֆինանսական միջոցներից է նեղվում. «Բանկը ջայլամը որպես կենդանի չի ճանաչում, և վարկ չի տրամադրում»։

Գյուղացիներից մի քանիսը մտադիր են հետեւել Տիգրանի օրինակին։ Իսկ նրանցից ոմանք էլ, հատկապես տարեցները, կարծում են, որ նրա բիզնեսը անիրատեսական է Հայաստանում. «Չէ, ես չեմ ուզում զբաղվեմ, հլը թող զբաղվի՝ տենանք ինչ կլինի»։

Համագյուղացիների կասկածները ջայլամաբույծին չեն հուսահատեցնում։ Նա մտադիր է ժամանակի ընթացքում Հայաստանից արտահանել ջայլամի միսն ու կաշին։ Արդեն պարզել է, որ մի շարք երկրներում մեծ պահանջարկ ունեն նաև փետուրներն ու ձվի կճեպը: