Երաժշտությամբ կարող ես մաքրել հոգիդ
Համերգից հետո Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորել է այն հանգամանքը, որ աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայ երաժիշտները, ովքեր հանդես են գալիս լավագույն նվագախմբերի հետ, գալիս են Հայաստան և ելույթ ունենում հայրենիքում։
Համերգից հետո Սերգեյ Խաչատրյանը, պատասխանելով լրագրողների հարցին, նշել է, որ առանց երաժշտության ապրել չի կարող. «Երաժշտությունն ինձ համար այն աշխարհն է, որտեղ կարող ես ապրել այնպիսի մաքուր զգացմունքներ, որոնք այլ տեղ դժվար թե գտնես։ Եվ ինչքան խորն ես ապրում երաժշտությունն ու այդ մաքուր զգացմունքները, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ։ Երաժշտությունը մի վայր է, որտեղ կարողանում ես մաքրել հոգիդ։
Ինձ համար երաժշտությունից մաքուր երևույթ չկա»։ Նա առանձնահատուկ նկատել է, որ սովորել է տարբեր ուսուցիչների մոտ, բայց իր երաժշտությունը հայկական է. «Ես Հայաստանում ունեմ իմ սիրած վայրերը՝ Սաղմոսավանք, Տաթև, լինելով այդտեղ՝ ես զգում եմ, որ դա իմ հողն է։ Չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես, դա իմ մեջ է»։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հաջորդ համերգը հոկտեմբերի 5-ին է։ Նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկը: