Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեռելոցին նորից ծաղիկը թանկացավ

Հասարակություն
6bde0f77d05c864a8a1c2bda5c3a2267

Ասում են` տարվա մեջ մի քանի օր հատկացված է ծաղկատերերին. այդ օրերին նրանք կարողանում են իրենց եկամուտը ստանալ մի քանի ժամում. օրինակ՝ Մարտի 8-ին, Ապրիլի 7-ին, Սեպտեմբերի 1-ին, Ապրիլի 24-ին, տաղավար տոներին հաջորդող մեռելոցներին եւ այլն: 

Եթե սովորական օրերին մեկ մեխակը կարելի էր ձեռքբերել 150-200 դրամով, ապա այսօր այն արժե 250-300 դրամ:

Մարինե Իվանյանին չի զարմացնում ծաղկի գինը, ասում է՝ մեռելոցին միշտ էլ ծաղիկների գինը կրկնակի թանկանում է: Սրտնեղում է, որ արդեն գերեզմանոց գնալը թանկ հաճույք է դարձել. «Ամեն անգամ գերեզման այցելելուց տանում եմ ամենաքիչը 20 հատ մեխակ՝ հատը 300 դրամով: Ստացվում է, որ երկու անգամ գերեզման գնալիս միայն ծաղիկների համար ստիպված եմ ծախսել 12.000 դրամ», - հաշվում է Մարինեն:

Ծաղկավաճառ Հայկ Պետրոսյանն այս օրերին հենց տան բակից վաճառում է իր աճեցրած ծաղիկները: Մեռելոցին մեծ պահանջարկ ունեցող «աքլորի կատարի» հատը վաճառում է 200- 250 դրամով: Ծաղկավաճառը սահմանած գները բարձր չի համարում. «Էդ մի օրն է, էլի, թող թանկ լինի, ուրիշ ապրանքները, որ թանկ են լինում, բան չեն ասում, սովորական օրերին մի բուկետ ծաղիկը 4500 դրամից պակաս չեն ասում, էս օրին թողեք երկու կոպեկ աշխատենք»:

Ամբողջ տարվա չարչարանքը Հայկը մեռելոցին է վաճառքի հանել: Դժգոհում է` այս տարի առևտուրը լավ չի. «Անցյալ տարի թռցրին, նույնիսկ հայաթում մեր համար աճեցրածն էլ եկան, խնդրեցին- տարան»: Այն, որ ծաղիկները լավ չեն վաճառվում, ծաղկավաճառը բարձր գնի հետ չի կապում. «Հայաստանում մարդ չի մնացել, որ ծաղիկ առնի»։

Ի դեպ, Սբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ ննջեցյալներին այցելելիս ծաղիկը պարտադիր պայման չէ։