Կ. Եղնուկյանը հորդորել է Ս. Ալեքսանյանին
«Նախախորհրդարան» եւ «Ազատենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը համոզված է, որ «Փակ շուկայի» պատին կրկին իր նկարի հայտնվելը հասարակության ուշադրությունը կատարվող բարբարոսությունից շեղելու նպատակ է հետապնդում։
«Ինձ վրա շատ դժվար է ազդելը, եւ ես հակադարձում եմ ճնշմանը»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց Կարո Եղնուկյանը։
Պատմամշակութային արժեք ներկայացնող «Փակ շուկայի» պատին կրկին հայտնվել է Կարո Եղնուկյանի նկարը, սակայն այս անգամ նա մենակ չէ, այլ քաղաքացիական ակտիվիստ Գարեգին Չուքասզյանի հետ։
Նախորդ անգամ 10 օրից ավելի շուկայի պատից կախված էր մնացել քաղաքացիական ակտիվիստի նկարը՝ «մասոն» գրությամբ պաստառով: Այն հանվել է միայն օրեր առաջ։
Խնդրի առնչությամբ Կարո Եղնուկյանը դիմել էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն պաստառը շարունակվում էր կախված մնալ։
Պարոն Եղնուկյանը դիմել էր նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին՝ կոչ անելով անմիջապես հանել այդ պաստառը եւ հրապարակավ ներողություն խնդրել իրենից եւ մոլորության մեջ գցված քաղաքացիներից։ «Հակառակ դեպքում խոստանում եմ ձեզ, որ իրավական հարթության մեջ ձեր պատասխանատվության բաժինը շատ ավելի մեծ կլինի»,- գրում է Կ. Եղնուկյանը եւ ավելացնում, որ եթե բարեկամական հորդորը չազդի, ապա խոստանում է. «Ինքս էլ մի փոքր ծախս կանեմ եւ ձեր դիմանկարով եւ համապատասխան ճշմարիտ մակագրություններով պաստառներով կզարդարեմ Երեւանի մի շարք շենքերի ճակատները»։