Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշվում է Լվովի հայկական եկեղեցու 650 ամյակը

Հասարակություն
95756b95fff0808e3b0b15cb99f1c43e

2013 թվականը հոբելյանական է Լվովի ամենահին եկեղեցիներից մեկի`սբ. Աստվածածնի Վերափոխման հայկական տաճարի համար, որը տոնում է իր հիմադրման 650-ամյակը:

Այս իրադարձությունը տոն է ինչպես Հայ Առաքելական եկեղեցու, այնպես էլ Լեհաստանի և Ուկրաինայի Հայ Կաթողիկիե եկեղեցու հավատացյալների համար: Թեև եկեղեցին հիմնադրվել է Առաքելական եկեղեցու հավատացյալների կողմից, սակայն 17-րդ դարում համայնքի բռնի հավատափոխության հետևանքով եկեղեցին դարձել է կաթոլիկացած լեհահահայության հոգևոր կենտրոնը մինչև Երկրորդ աշխարհամարտը:

Եկեղեցու ամենահին հատվածը կառուցվել է 1363 թ. երկու հայ մեծահարուստ առևտրականների հանգանակությամբ: Հոբելյանական միջոցառումները տեղի կունենան սեպտեմբերի 13-15-ը Լվովում:

Կմատուցվեն Հայ Առաքելական և Հայ Կաթողիկիե եկեղեցու ծիսակարգով պատարագներ: Վրոցլավի "Gaudium" երգչախմբի կատարմամբ կհնչի "Լեհահահայոց պատարագը", ինչպես նաև հատուկ այս միջոցառման համար գրված լեհահայ երգահան Քշիշտոֆ Թեոդորովիչի ստեղծագործությունները, կներկայացվի բացօթյա թատրոն, ինչպես նաև թեմատիկ այլ միջոցառումներ:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է այցելություն Լվովի Լուչակովսի գերեզմանատուն, ուր հանգչում են լեհահայ ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ անվանի գործիչներ: Կկազմակերպվի մոմավառություն Լվովի հայ-կաթողիկիե ծիսակարգով վերջին արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոֆիլ Թեոդորովիչի շիրմաքարի մոտ:

Վերանորոգումից հետո Լվովի հայկական եկեղեցուն կվերադարձվի Գողգոթան` Քրիստոսի խաչելության տեսարանով փայտե բացօթյա խորանը: