Անի Քոչարի նոր ամսագիրը կալանքի տակ չի դրվել
Տեղեկությունները, որ Անի Քոչարի նոր «Ես եմ» ամսագրի վրա կալանք է դրվել՝ չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Անի Քոչարը։ Նա նշեց, որ իր դեմ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» ներկայացված հայցը դատարանի կողմից բավարարվել է մասնակի, այսինքն՝ հայցի այն մասը, որ պահանջում է նոր ամսագիրը կալանքի տակ դնել, չի բավարարվել, պարզապես թերթի վաճառակետերում աշխատակիցներին հավատացրել են, որ ամսագրի վրա կալանք կա, և այն չի կարելի վաճառել։
Անի Քոչարը նաև տեղեկացրեց, որ իր և «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» միջև այլևս դատ չի լինելու, քանի որ ինքը համաձայնության է եկել ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արմեն Արզումանյանի հետ։ «Ընդհանուր հայտարարի ենք եկել, որ այն հայցադիմումը, որ նրանք ներկայացրել են «Անի Քոչար Փրոդաքշնի» հրատարակած նոր «Ես եմ» ամսագրի մասով՝ ետ կվերցվի, և այն կալանքը, որը իրականում չի էլ եղել, բայց նրանք զանգահարել -վաճառողներին ասել են, որ մենք կալանքի թուղթ ունենք, չվաճառեք իրենց ամսագիրը, այդ խոչընդոտը կվերացվի», - տեղեկացրեց Անի Քոչարը։
Ամսագրի խմբագիրն անդրադարձավ նաև «Ես» ամսագրին, որի գլխավոր խմբագիրը նախկինում հենց ինքն էր։ Նա նշեց, որ գիտակցում է, որ տարիներ առաջ սխալ է գործել՝ չգրանցելով ամսագրի նկատմամբ իր հեղինակային իրավունքները, սակայն այժմ չի դիմի դատարան այդ իրավունքները վերականգնելու համար. դատարան չդիմելու պատճառներից մեկն էլ այն է, որ նա չի վստահում դատական համակարգին։